ԱՄՆ դեսպանը կանչվել է Բելգիայի ԱԳՆ
ԱՄՆ դեսպանը կանչվել է Բելգիայի արտաքին գործերի նախարարություն, երբ սոցիալական ցանցերում վեճ է ծագել երկրի հրեական համայնքի հակասեմական հալածանքների մեղադրանքների շուրջ, հաղորդում է Euronews-ը։
Վեճը ծագել է, երբ Բելգիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Անտվերպենում առանց բժշկական կրթության հավաստագրերի թլպատումներ կատարող երեք տղամարդկանց նկատմամբ։
Ըստ Բելգիայի օրենսդրության՝ բոլոր բժշկական պրոցեդուրաները պետք է կատարեն հավաստագրված մասնագետները. կանոն, որն, իշխանությունների կարծիքով, վերաբերում է նաև հրեական կրոնական ավանդույթներով թլպատում կատարող մոհելներին։
Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթը երկուշաբթի օրը X-ի իր գրառման մեջ նշել է, որ «հակասեմականությունը ցանկացած ձևով անընդունելի է և պետք է վերացվի մեր հասարակությունից»։
Ուայթն Անտվերպենում և ամբողջ Բելգիայում ընթացող հետաքննությունը «հրեական համայնքի անընդունելի հալածանք է» որակել։
Ուայթը միաժամանակ քննադատել է Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկին՝ նրան «շատ կոպիտ» անվանելով և մեղադրելով այդ գործում «ստոր մարտավարություն» կիրառելու մեջ։ «Դուք պետք է ընդունեք օրենսդրական դրույթ, որը հրեա կրոնական մոհելներին թույլ կտա կատարել իրենց պարտականությունները Բելգիայում»,- հայտարարել է նա։
Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն պատասխանել է X հարթակում առանձին գրառման մեջ՝ նշելով, որ «Բելգիային հակասեմական երկիր անվանելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր ապատեղեկատվություն է, որը խաթարում է ատելության դեմ իրական պայքարը»։
«Բելգիայում հավատարմագրված դեսպանը պարտավոր է հարգել մեր ինստիտուտները, մեր ընտրված ներկայացուցիչներին և մեր դատական համակարգի անկախությունը,- հայտարարել է Պրևոն։ -Բելգիացի նախարարի նկատմամբ անձնական հարձակումները և դատական գործերին միջամտությունը խախտում են դիվանագիտական հիմնարար նորմերը»։



