Բաժիններ՝

Գրոսին և Օմանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին են ներկայացրել Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերաբերյալ

ԱՄՆ պատվիրակությունն Իրանի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսայիդիի հետ, որոնք ամերիկացիներին են ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերաբերյալ: Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Այսօր առավոտյան ամերիկյան կողմը բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարարի և ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ, և Իրանի դիրքորոշումը միջուկային (ծրագրի), պատժամիջոցների վերացման և ցանկացած համաձայնագրի շրջանակների վերաբերյալ փոխանցվել է ամերիկյան կողմին», – ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլը նախորդից տարբերվում է ԱԷՄԳ-ի տնօրենի հետ «իրանական և ամերիկյան կողմերի» խորհրդակցություններով։

Բաղային նաև հայտնել է, որ Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններն արդեն մեկնարկել են։

Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։

Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս