Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժություններ՝ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեկնարկել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի ֆոնին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական SNN գործակալությունը նշում է, որ զորավարժությունների ժամանակ կանցկացվի ԻՀՊԿ-ի ստորաբաժանումների պատրաստվածության ստուգում, կմշակվեն ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների սցենարները Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքներին հակազդելու գործում, ինչպես նաև իրանցի զինվորականների «արագ, վճռական ու բազմակողմ հակազդման» հարցերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին շուտով Մերձավոր Արևելք կուղարկվի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիր խումբը։
Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքում, եթե չհաջողվի Թեհրանի հետ գործարք կնքել։Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան ուժերը, եթե դրանց որևէ վտանգ սպառնա։
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 17-ին Ժնևում։



