Ի՞նչ եղավ ՏԿԵՆ հաղորդումը. 2024թ. ասում էիք` խլելու օրակարգ չունեք, ի՞նչ փոխվեց. Հարց` Մեսրոպյանին
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ասուլիսով ամփոփեց 2025 թվականին արվածը, խոսեց ՀԷՑ-ի շուրջ մեկնարկած պրոցեսների մասին։
168․am-ը թեմայի առնչությամբ մի քանի հարցադրումներ ուղղեց Մեսրոպ Մեսրոպյանին՝ ի մասնավորի հետաքրքրվելով․
- Ի՞նչ եղավ ՀԷՑ խախտումների վերաբերյալ ՏԿԵՆ հաղորդումը․ կոնկրետ ուսումնասիրվե՞լ են այդ խախտումները հաղորդումից հետո, և եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքներ ունեք այսօր։
- Թեև ՀԷՑ-ի մասին ասուլիսի ընթացքում հնչած այլ հարցադրումների ժամանակ «խլել» բառը գնահատական եք համարում, ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել, որ 2024 թվականի նոյեմբերին, երբ ձեր ընտրությունն էր կատարվում ԱԺ-ում, և կասկածներ կային, թե ՀԾԿՀ նախագահը փոխվել է միայն այն պատճառով, որ հետագայում հնարավոր լինի ՀԷՑ-ը խլել, դուք վստահեցրել էիք, որ ՀԷՑ-ը խլելու, մասնատելու օրակարգ չունեք և պատրաստ եք աշխատել այն խնդիրների շուրջ, որոնք արձանագրվում են։ Այսօր փաստացի ստացվում է, որ այդ կասկածներն իրականությո՞ւն դարձան, ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Դուք այստեղ խոսեցիք փոքր մոդուլային ռեակտորների մասին, գովեցիք, նշեցիք բոլոր դրական կողմերը, ամեն դեպքում եմ․ ես նկատեմ, որ մտահոգություններ չեն հայտնում միայն քաղաքական գործիչները, ինչպես Դուք նշեցիք, նաև մասնագիտական դիտարկումներ են եղել բացասական կողմերի մասին։ Օրինակ, որ փոքր մոդուլային ռեակտորներն օգտագործում են մինչև 20 տոկոս հարստացված ուրան, այնինչ, օրինակ, VR տեխնոլոգիայով ռեակտորներն օգտագործում են ընդամենը 3 կամ 5 տոկոս, հետևաբար, թափոնների հետ կապված խնդիրներ են հնարավոր։ Ի դեպ, մասնագետներն ասել են նաև, որ տարիներ են պետք, որպեսզի մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան հասունանա և ապացուցի հուսալիությունը․ հիմա մենք դառնում ենք փորձաճագա՞ր, անպայման պետք է մե՞զ վրա այդ փորձը կատարել։ Եվ նաև՝ Թուրքիան դիմում է Ռուսաստանին ու կառուցում ատոմակայան, «չի՞ հասկանում», որ ամերիկան փոքր մոդուլային կայաններն ավելի լավն են, որ չի օգտվում։
Ի պատասխան այս հարցադրումների՝ Մեսրոպ Մեսրոպյանը նախ խոսեց մոդուլային կայանների մասին։
Նա թեև նկատեց, որ ուրանի տոկոսների առնչությամբ չունի համապատասխան խորությամբ տեղեկատվություն, սակայն վստահեցրեց․ «Դեռ վաղ է միջուկային թափոնների մասին խոսելը։ Տեսե՛ք, գործող ատոմակայանում մենք անկախությունից հետո տարիներ շարունակ կառուցել ենք սառը պահեստարան և օգտագործված միջուկային վառելիքը տեղափոխում ենք այդ սառը պահեստարանը և պահում ենք այնտեղ։ Հաճախ էլի քննադատներից լսվում է հետևյալ տեսակետը, որ մենք մեր երկիրը կեղտոտում ենք, թունավորում ենք և այլն, և այլն։
Սխալ մոտեցում, որովհետև այդ միջուկային վառելիքը, օգտագործված միջուկային վառելիքը իրազեկում եմ՝ ապագայի վառելիք է նոր տիպի միջուկային կայանների համար։ Աշխարհում այսօր բազմաթիվ նախագծեր կան, որոնք որ շուտով կյանքի կկոչվեն, որտեղ որ օգտագործվելու է բացառապես օգտագործված միջուկային վառելիք, որը նորից վերամշակվելուց հետո դառնալու է այդ կայանների վառելիքը։
Այսինքն՝ այն վառելիքը օգտագործված, որ մենք ունենք մեր երկրում պահված, դա թափոն չէ․ շատ թանկարժեք վառելիք է, որը որ, եթե մենք էլ անգամ չկարողանանք օգտագործել՝ չունենալով համապատասխան տիպի ատոմակայան ապագայում, ապա դա ենթակա է բավական բարձր գնով վաճառքի այն երկրներին, որոնք որ կունենան դրա կարիքը»։
Խոսելով ՏԿԵՆ հաղորդման մասին՝ ՀԾԿՀ նախագահը նշեց, որ այդ հաղորդումն այն մասին չէր, որ պետք է վարույթը անպայման սկսվի և ընթանա հաղորդման մեջ նշված խնդիրների շուրջ։
«Վարույթը հարուցվել է այդ հաղորդման շրջանակներում և հայտնաբերվել է վարույթի շրջանակներում այն, ինչ որ հայտնաբերվել է և ներկայացվել է հանրությանը։ Հետևաբար, այնտեղ՝ վարույթում, մասեր կային, որ մաս են դարձել մեր հայտնաբերած խախտումների, և մասեր կան, որ, այո՛, այդ մասով կա՛մ չենք հասցրել ուսումնասիրություններ անել այդ 3-ամսյա ժամկետում, կա՛մ պարզապես ինչ-որ դրույթներ չի հաստատվել այդ մասով։
Հետևաբար՝ այդտեղ արտառոց որևէ բան չեմ տեսնում»,- պարզաբանեց նա։
Անդրադառնալով 2024 թվականին իր կողմից արված հայտարարություններին՝ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, որ երբեք չի փոշմանում իր ասածների համար բայց և հավելեց՝ բոլորս մեր կյանքում ունենք այնպիսի պրակտիկա, երբ ժամանակի ընթացքում որևէ կարծիք ենք հայտնում, բայց օրեր անց, ամիսներ անց իրավիճակ է փոխվում ոլորտի կառավարման հետ կապված, կամ տվյալ ընկերությունների հետ կապված, և կարող են արդեն մոտեցումները փոխվել։
«Այո՛, այդ պահին ինչ որ ասել եմ, այդպես էր, այդ պահին որևէ վարույթ չկար հարուցված, որևէ ապացույցներ չկային սեղանին դրված»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում



