Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրենսդրորեն անկախ կառույց է։ Այն ոչ մեկին, առավել ևս՝ կառավարությանը ենթակա չէ։ Հաշվետու է միայն Ազգային ժողովին՝ կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու ձևով։
ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ու գործողությունների համատեքստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից շուրջ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը․ ասել է թե՝ այս կերպ ՀԾԿՀ-ն ևս միանում է ՀԷՑ-ի դեմ արշավին։
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին ապօրինի կալանավորելուց հետո, իշխանական խունտան անցել է նրան սեփականության իրավունքով պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խլելու «հայրենանվեր» գործին։ ՔՊ-ականների ներկայացրած օրենսդրական փաթեթով՝ ամբողջանում է ՀԷՑ-ը բռնագրավելու օպերացիան։ Բռնագրավման պարտավորության բեռը կդնեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուսերին։
Նախօրեին ՔՊ-ն տեղեկացրեց, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, որոշվել է կառավարությանն առաջարկել-քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու, իսկ ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հարցը։