54+1. ռեաբիլիտացիայի փուլում. լավ տրամադրության համար 54 ներողություն, Սիլվայի դրվագով՝ 1. Մակինյան
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացումից հետո հանրային մեղադրողը պետք է 54+1 անգամ հրապարակային ներողություն հայցի՝ «հանցավոր» բառը տարբեր հոլովումներով նախագահի վերաբերյալ օգտագործելու համար։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անհեթեթ որակելով ՀՀ երրորդ նախագահին վերագրվող մեղադրանքները։
Պաշտպանը շեշտեց՝ ՀՀ երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում ու չի էլ ընդունելու։
Նշենք, որ այսօր դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելուն և Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելուն վերաբերող գործերը, որոնք միացված են մեկ վարույթով։
«Իմ համոզմամբ՝ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով թելադրված, իրավական տերմինների օգտագործմամբ գեղարվեստական տեքստ կլինեին, բայց շատ անհետաքրքիր։ Խմբային շահերից ելնելով՝ էմոկրատիայի պայմաններում փորձում են ազդել հասարակության հույզերի վրա։
Հափշտակության, վատնման, փողերի լվացման, կաշառքի հանցակազմի բոլոր պարտադիր տարրերն իսպառ բացակայում են, և փորձառու իրավաբանները չէին կարող դա չիմանալ։ Եթե ուսանող տարիներին ինձ պատմեին, որ հնարավոր է նման փաստական հանգամանքների պայմաններում այսպիսի խրոխտ ու մի քիչ ոչ շատ խրոխտ կեցվածքով մեղադրանքներ ներկայացնել, ես չէի հավատա»,- հավելեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մեղադրանքի կողմը վատնել է պետական միջոցները, ռեսուրսներն ու ժամանակն այս մեղադրանքը կարելու համար՝ փոխարենը բաց է թողել իրական հանցագործների դեմ պայքարը։
Ռուբեն Հակոբյանը սա անվանեց «օդապարիկների մեղադրանք»՝ հիշեցնելով, որ օդապարիկն ինչքան շատ են փչում, այն այնքան արագ է պայթում։ Վստահ է, որ այս մեղադրանքն էլ այդպես պայթելու է։
