«Նիկոլ Փաշինյանն ուզում է նախընտրական շրջանի համար պրովոկացիա անել, հրահրել». Թևան Պողոսյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ հայտարարեց, որ` «Ղարաբաղի շարժում այլևս չի լինելու»։
«Իմ Ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ»՝ ես էլ եմ այդ խոսույթն ունեցել, դա աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Կարծում եմ՝ այս թեման մենք մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորվել ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է։ Ես էլ հայ ժողովրդին ուղիղ ու հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և այդ գիծը տանելու եմ։ Եթե քաղաքացիները գտնում են, որ ես սխալ եմ, անհամաձայնություն ունեն այս քաղաքականության հետ՝ կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանիից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանի այս հայտարարությունն ի՞նչ մեսիջ է պարունակում, այն ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանին է ուղղված։
Նա նշեց, որ վաղուց արդեն չի լսում, իր իսկ բնորոշմամբ՝ ոչ լեգիտիմ իշխանությանն ու նրա ոչ լեգիտիմ ղեկավարին։
Մենք փոխանցեցինք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ինչին ի պատասխան՝ քաղաքագետը նկատեց՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը նման հայտարարություն է անում։
«Նման տեսակի հայտարարություն անող իշխանության միակ նպատակն այն է, որ իր իշխանությունը պահելու համար փորձի ինչ-որ բաներ հրահրել։ Տեսեք, Հայաստանում ունենք քաղբանտարկյալներ, սրբազաններ են բանտարկված, սրբազաններից մեկին էլ դատապարտել են նրա համար, որ ըստ իշխանությունների՝ կոչ է արել «իրականացնել հեղափոխություն»։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժողովրդին գնալ հեղափոխության, կարծում եմ՝ համապատասխան մարմիններն իրենց հետևությունները պետք է անեն, հակառակ պարագայում նրա հայտարարությունը զուտ տեղեկատվական մանիպուլյացիա է, պրովոկացիա։
Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է նախընտրական շրջանի համար պրովոկացիա անել, հրահրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հանրությունը կարձագանքի այն ժամանակ, երբ քաղաքական հայտեր ներկայացվեն։ Մարդիկ նախընտրական ծրագիր կներկայացնեն, որտեղ խոստումներ են տալու ու փորձելու են ստանալ քվե։ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա այն լոզունգով, որ Արցախի հարցը չի շարունակելու, իսկ ուրիշները գուցե այլ ձևակերպումով հանդես գան՝ արցախցիների իրավունքների, պատմական արդարության վերականգնում և այլն։
«Հենց այդ ժամանակ հանրությունն ում իր քվեն տա, իշխանությունը դրանից հետո կստանա իր պատասխանը։
Ի՞նչ էր գրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում, կատարվե՞լ է, իհարկե, ոչ։ Դրա համար նա պետք է վեր կենա ու ասի, որ ունակ չի եղել իր խոստումը կատարելու, հրաժարական տա ու հեռանա։ Ժողովրդավարությունն այսպես է աշխատում, այն կառավարությունները, որոնք իրենց ծրագրերը չեն կատարում՝ հրաժարական են տալիս»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Քաղաքագետը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանին համարում է ոչ լեգիտիմ ղեկավար, հետևաբար՝ նրա որևէ հայտարարություն իր համար որևէ բան չի նշանակում։
«Այնպես որ՝ ամեն անգամ հիշելու եմ Արցախի մասին, Արցախն ինձ համար շատ կարևոր է լինելու ու միշտ էլ գոյություն է ունենալու, մինչև չվերականգնվի պատմական արդարությունը։ Ինչպես էր՝ Արցախի հարցը 1921 թվականից մինև 1988 թվականն նույնն էր, իսկ 88 թվականից հետո այլ բան եղավ։ Խորհրդային Միության ժամանակ էլ Արցախը ոչ մեկը չէր հիշում, չէ՞, բայց հետո հարցը նորից օրակարգ եկավ։ Սա է իմ մոտեցումը»,- խոսքն ավարտեց Թևան Պողոսյանը։
