Բաժիններ՝

Սյունեցու ակտիվության հրամայականը

Սյունիքի մարզպետ, շատերի կարծիքով` պարզապես «սյունյաց բդեշխ» Սուրեն Խաչատրյանի անվան հետ կապվող հերթական վերջին զարհուրելի իրադարձության մասին  կարծես թե գրեթե ամեն ինչ ասվել է: Արդեն երկու օր Գորիս քաղաքում` Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցները (որի հետևանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից մեկը, ով նաև նրա ազգականն է, հրազենային վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց) և դրանց հասարակական-քաղաքական ասպեկտները դարձել են հասարակական քննարկումների գլխավոր թեման: Եվ, բնականաբար, դժվար է գտնել որևէ բանական էակ, ով հանդես չգա դեպքի դատապարտմամբ: Իհարկե, իր դերի մեջ էր նաև պարոն Սուրեն Խաչատրյանը, ում հայտնի քաղաքական գործիչներից մեկը կոչում է պարոն Լիսկա: Եվ ահա վերջինս` խորհրդակցելով «վերադաս մարմինների» հետ` բավական ճկուն դիրքորոշում բռնեց.  մի կողմից՝ ստեղծեց հրաժարականի իմիտացիա և հայտարարեց, թե «ժամանակավորապես դադարեցնում է մարզպետի իր լիազորությունները», մյուս կողմից՝ «խորին ցավ» հայտնելով (սա ժանրի պարտադիր տարրերից է ) դեպքի կապակցությամբ (թեև նախորդ օրը պնդում էր` «լավ ա քնած եմ եղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»)` իր համար ստեղծեց խուսանավելու և պատժից խուսափելու տարածություն: Թե արդյոք այդ գիշեր քնա՞ծ էր Ս. Խաչատրյանը, որքանո՞վ է նա մեղսակից կատարված հանցագործությանը, սա իրավական խնդիր է: Ընդհանրապես ինչպե՞ս է նրա որդուն, եղբայրներին, նրանց որդիներին ու թիկնապահներին հաջողվել մինչ օրս խուսափել բոլորին հայտնի բազմաթիվ հանցանքների համար պատասխանատվությունից, սա էլ և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատականի կարիք ունի:

Սակայն կա մի հարց, որը կարևորագույն նշանակություն ունի խնդրի լուծման համար: Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որն արդեն վաղուց ծառայում է՝ որպես քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն ու գործիքը, ստեղծվել է նախաձեռնություն՝ «Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» կարգախոսով:

Իհարկե, այս նախաձեռնությունը դեպքի բնական արձագանքն է և շատ կարևոր է, ինչպես բոլոր նախորդ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դատապարտում էին այս կամ այն հանցագործությունն ու որևէ մականունավորի կամ նրա թիկնապահների (սովորաբար, ըստ ժանրի կանոնների, վերջում միայն նրանք են պատժվում` զուտ ձևի համար) հանցավոր գործողությունները: Բայց հարցը, որին կանդրադառնանք ստորև, կարծես թե պատշաճ ուշադրության չի արժանացել: Քաղաքացիական ակտիվիստներն այստեղ Երևանում՝ անարդարության դեմ անզիջում պայքարով տոգորված, պահանջում են «սյունյաց բդեշխի» դատապարտումը, բայց արդյոք կա՞ այս ամենի նկատմամբ Սյունիքի բնակչի համընդհանուր ընդվզումը:

Փետրվարի 18-ին կայացած և բոլորին հայտնի ավարտն ունեցած նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում՝լրագրողական պարտականության կատարման սահմաններում, մասնակցում էինք մարզային այցեր կատարող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին՝ Գյումրիում, որտեղ, ինչպես հիշում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ տարավ գործող նախագահի նկատմամբ: Հանրահավաքին մասնակցող գյումրեցիներից մեկը պատմեց գյումրեցու ծանր սոցիալական վիճակի, քաղաքում տիրող սոցիալական անհավասարության, պետական համակարգի անընդունելիության և քաղաքային իշխանության ու մարզպետի կողմից ժողովրդի կեղեքման մասին, ինչին ի պատասխան՝ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ գյումրեցիները, շիրակցիները չեն փորձում իրենք դնել իրենց մարզպետների ու քաղաքապետերի փոփոխման հարցը: Սակայն ստացանք հուսահատական պատասխան: Իհարկե, սա ապստամբության կամ հակաիշխանական կոչ չէ, և ամենևին չի նշանակում, թե բոլոր մարզերի կամ քաղաքների ու գյուղերի ղեկավարները վատ են կառավարում կամ հանցագործ են և պարտադիր պետք է հրաժարական տան: Տեղական ինքնակառավարման մարմինների էությունը կայանում է հենց դրանում, որ բնակիչը, ըստ իր հայացքների ու պահանջների՝ ինքը պետք է ընտրի իր ղեկավարին՝ ելնելով, առաջին հերթին, կենցաղային, սոցիալական և մյուս ոլորտներում ղեկավարի կատարած աշխատանքի վերաբերյալ իր գնահատականից, այլ ոչ թե նրան պետք է նշանակեն վերևից՝ ելնելով, առաջին հերթին, քաղաքական նշանակությունից: Բայց մի՞թե նախագահի ընդդիմադիր թեկնածուին 77 տոկոս ձայն տված նույն գյումրեցիները կամ, օրինակ, արթիկցիները չեն կարող կամ իրավունք չունեն իրենց վերաբերմունքն իրացնել նաև մարզպետի նշանակման հարցում:

Չենք կարծում, թե Սյունիքի բնակիչները կարդարացնեն այն, ինչ կատարվում է մարզպետի շուրջ: Ավելին, համոզված ենք, որ գերակշռող մեծամասնությունը խորին ատելությամբ է լցված պարբերաբար կրկնվող նման երևույթների հանդեպ: Մամուլում եղած հրապարակումներից արդեն կարելի է դատել, որ ողջ Սյունիքը, ինչպես և Երևանը, այս օրերին քննարկում է կատարված դեպքը, սակայն հատկանշական է, որ գրեթե ոչ ոք չի ուզում խոսել հրապարակայնորեն և հրապարակավ հայտնել իր վերաբերմունքը, կամ խոսելուց հրաժարվում է նշել իր անունը: Այսինքն՝ խնդիրը հենց քաղաքացիական ակտիվության և դիրքորոշման ազատ արտահայտման պակասի մեջ է. արդյոք Սյունիքի «արձակուրդ գնացած» մարզպետի հարցում մենք ունե՞նք գորիսեցու, կապանցու և ընդհանրապես սյունեցու ընդգծված քաղաքացիական դիրքորոշումը, թե՞ սյունեցիները ցանկանում են այսպիսի մարզպետ ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս