«Վեհափառի ցանկացած որոշում խոնարհությամբ կընդունենք՝ առանց քննարկելու. ամաչում ենք Արցախի թեմի առաջնորդի պահվածքի համար». Նարե Սիմոնյան
Արցախի Հանրապետության քաղհասարակության ներկայացուցիչները երեկ նամակով դիմել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Նամակում ՀԿ ներկայացուցիչներն անընդունելի են համարել, որ Արցախի թեմի առաջնորդը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։
«Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։
Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացի միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
Ձերդ Սրբությանը խնդրում ենք ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն»,- նշել են արցախահայերը։
Արցախից հասարակական գործիչ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Սիմոնյանի խոսքով՝ ինչպես Հայ Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդի համար, այնպես էլ արցախահայերի համար, անընդունելի են Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառի դեմ հարձակումները, նաև որոշ արքեպիսկոպոսների վերաբերմունքը։
«Արցախահայերի համար նաև անընդունելի ու վիրավորական է, որ այդ ամենին մասնակից է Արցախի թեմի առաջնորդը, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք բոլորս շատ լավ հասկանում, գիտակցում և որպես օրենք ենք ընդունում այն բոլոր որոշումները, որոնք կընդունի Վեհափառ հայրապետը, բայց նա պետք է իմանա, որ Արցախի թեմի առաջնորդի այդ պահավածքը արցախահայերի սրտով չէ, նրանք չեն ընդունել ու կուլ չեն տվել այդ վիրավորանքը։ Այս պահին Արցախի թեմի առաջնորդն իր տեղում ու դերում չէ, նա ընդունելի չէ արցախահայերի համար»,-168.am-ի հետ զրույցում նշեց Նարե Սիմոնյանը։
Ըստ մեր զրուցակցի, արցախահայերի համար կարևոր է, որպեսզի Վեհափառ հայրապետը տեղյակ լինի՝ արցախցիները հաշտ չեն Արցախի թեմի առաջնորդի պահվածքի հետ և հավատարիմ են Առաքելական եկեղեցուն և նրա առաջնորդին։
«Ինչ որոշում էլ կայացնի կաթողիկոսը՝ բնականաբար, հարգելու ենք և ընդունենք, սակայն կարևոր է, որ նա տեղյակ լինի՝ մենք ամաչում ենք մեր թեմի առաջնորդի նման պահվածքի համար»,- հավելեց Նարե Սիմոնյանը։
Ինչո՞ւ Արցախի թեմի առաջնորդն այդպես էլ չընդունեց արցախահայերին, գուցե այդ հանդիպումից հետո արցախահայերը փոխեին իրենց դիրքորոշումը, Նարե Սիմոնյանը պատասխանեց՝ Արցախի թեմի առաջնորդը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել բարձրաձայնելու արցախահայերի խնդիրները՝ մինչև բռնի տեղահանվելը և դրանից հետո, սակայն չի արել։
«Արցախի շրջափակման ժամանակ, երբ Վրթանս սրբազանը գտնվում էր Երևանում, մենք նրան բազմիցս խնդրել ենք առաջնորդել մեր պայքարը, բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնել Արցախի խնդիրները, սակայն նա միշտ անմասն է մնացել։
Նա իր հոտի խնդիրներով չի զբաղվել, բայց արի ու տես, որ ակտիվացել է միայն այն ժամանակ, երբ սկսել են եկեղեցու դեմ դավադրություններ անել։ Պարզվում է, որ կարող է նա այդ ժամանակ ակտիվանալ, երբ անձնական շահ կա, իսկ երբ Արցախի շահի մասին էինք խոսում, այսքան ակտիվ չէր»,- շեշտեց նա։
Շարունակելով, նա ընդգծեց՝ Վեհափառի ցանկացած որոշում իրենց համար քննարկման ենթակա չէ, քանի որ վստահում են Կաթողիկոսի իմաստնությանը։
«Վեհափառի ցանկացած որոշում խոնարհությամբ կընդունենք՝ առանց քննարկելու։
Որքանով ես տեղյակ եմ, Արցախի ԱԺ պատգամավորները զերծ են մնացել Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպումից, քանի որ ունեցել են իրենց հստակ դիրքորոշումը։
Ինչ վերաբերում է Արցախից հասարակական գործիչներին, նրանց հետո թեմի առաջնորդը կապի դուրս չի եկել, ըստ որոշ տեղեկությունների՝ միայն հանդիպել է հոգևոր խորհրդի ներկայացուցիչների հետ։ Նա խոստացել է, որ ներողություն կխնդրի արցախցիներից և կվերադառնա կանոնական դաշտ, սակայն նման բան չի արել»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումից հետո բազմաթիվ արցախահայեր պահանջեցին, որպեսզի Արցախի թեմի առաջնորդը բացատրի, թե ինչու է հանդիպել և ինչ է քննարկել մի մարդու հետ, ում ստորագրությամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Բազմաթիվ բողոքներից հետո Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում հայտնվեց թեմի առաջնորդի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ հանդիպմանը մասնակցել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և արցախցիներին հուզող հիմնահարցերի հետ։
