Բաժիններ՝

Երբ ասում են՝ բոլոր երկրներում էլ օդի աղտոտվածությունն այս վիճակում է, ստո՛ւմ են… Երևանում շնչելը դժվար է դարձել, օդի աղտոտվածությունը հասել է իր պիկին

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, օդի աղտոտվածությունը հասել է իր պիկին։ Այս օրերին Երևանի փողոցներում շատերն են շրջում բժշկական դիմակներով, քանի որ այլևս դժվարանում են շնչել աղտոտված օդը։

Մինչ բնապահպանները, փորձագետներն ահազանգում են այս խնդրի մասին, հորդորում պատկան մարմիններին քայլեր ձեռնարկել, քանի որ օդի աղտոտվածության հետևանքով վտանգվում է ոչ միայն մարդկանց առողջությունը, այլև բուսականությունը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ «օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով»։

Նա նաև ասել էր, թե հետագայում կտեղեկացնեն նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը։ Սակայն փաստն այն է, որ Երևանում օրեցօր ավելի է դժվարանում շնչելը։

Բնապահպան, «Սևան» ազգային պարկի նախկին գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանն այսօր օդի որակը շատ վատ է գնահատում, բնապահպանական այս խնդիրը լուծելու համար պատկան մարմինները պետք է մի քանի կարևոր քայլեր ձեռնարկեն։ Իսկ այստեղ գլխավոր խնդիրը Նուրբարաշենի աղբավայրի հարցի լուծումն է։

Կարդացեք նաև

«Խնդիրների խնդիրն այս աղբավայրի հարցի լուծումն է, հետո պետք է անդրադառնան շինարարությանը, այնուհետև՝ տրանսպորտին, հետո էլ՝ Երևանի շուրջ եղած հանքերին՝ ավազի, պերլիտի, ցեմենտի։ Այս բոլորին գումարվել է նաև մեր մենթալիտետում եղած անփույթ վերաբերմունքն աղբի նկատմամբ։

Անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան, սրա մասին տարիներ շարունակ անընդմեջ խոսում ենք, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Մենք բնապահպաններով գնացել էինք Եվրոպա՝ այդ փորձն ուսումնասիրելու։ Օրինակ, մտնում ենք Գերմանիայի կամ Ֆրանսիայի աղբավերամշակման գործարան, տեսնում ենք՝ երիտասարդ կանայք, սպիտակ խալաթներով, նստած տեսակավորում են աղբը. Օրգանիկը՝ մի տեղում, ոչ օրգանիկն՝ այլ տեղում, ապակին ու երկաթը՝ այլ տեղում։ Այս գործարաններն աշխարհում ամենաձեռնտու գործարաններն են, որովհետև հումքի համար որևէ գործարան գումար չի մուծում, փոխարենը՝ հումքի համար գումար է ստանում պետությունից, քաղաքապետարաններից և այլն։

Չգիտեմ, մեզանում ինչո՞ւ են գործարարները սրան անլուրջ վերաբերվում»,- 168.am հետ զրույցում նշեց բնապահպանը։

Ըստ Գագիկ Սուխուդյանի, եթե հենց Նուբարաշենում կառուցվի աղբի վերամշակման գործարան և աղբը ոչ թե այրվի, այլ մտնի գործարան ու դառնա պարարտանյութ, դառնալով երկրորդական ապակի, մետաղ և այլն, ապա օդն այս աստիճան աղտոտված չի լինի։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ եթե Հայաստանում ուզում են օդի աղտոտվածությունը մի քիչ մեղմել, գոնե մեկ տարով պետք է կանգնեցնեն շինարարությունը, կամ գոնե այն տեղի ունենա նորմերի պահպանմամբ։

«Ո՞վ է մեր հետևից ընկել, որ ամեն օր բարձրահարկեր ենք կառուցում այս փոքր քաղաքում։

Օդի աղտոտվածության վրա մեծ ազդեցություն ունի նաև տրանսպորտը, այն պետք է փորձաքննություն անցնի։

Երբ Երևանից դուրս եք գալիս, օրինակ, Սևանի ճանապարհի աջ ու ձախ կողմերի սարերը տեսե՞լ եք՝ ինչ վիճակում են, ինչպես են քրքրվում։ Նույնիսկ բազմաթիվ գործարաններ ունեցող երկրներում օդի աղտոտվածությունն այս աստիճան վատը չէ, մենք շատ հետ ենք, շատ, այս հարցը բարձիթողի վիճակում է։ Այս հարցով ո՛չ Բնապահպանության նախարարությունն է զբաղվել, ո՛չ Կառավարությունը, որևէ քայլ չեն անում, փոխարենը՝ ծառերն են վերացնում ու փոխում։

Երբ ասում են, թե բոլոր երկրներում էլ օդի աղտոտվածությունն այս վիճակում է՝ ստո՛ւմ են, մեզանում օդի վիճակը շատ ավելի վատն է»,- ընդգծեց Գագիկ Սուխուդյանը։

Տեսանյութեր

Լրահոս