Մեր ուսանողը միջադեպի հաջորդ օրը դասի է եկել, առանձին զրույց եմ ունեցել, պատճառների մասին որևէ բան դեռ չի ասում՝ գործը նախաքննության փուլում է. Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն
Երեկ համացանցում տեսանյութ հայտնվեց, որում մի քանի անչափահասներ ծեծում են մեկ այլ անչափահասի, և նրանցից մեկն այդ ամենը նկարահանում է։
Պարզվել է, որ Զորական գյուղում տեղի ունեցած այս դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:
ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ:
Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար:
Հ.Գ. Տեսանկութում կա հայհոյանք….. հայցում եմ դիտորդների ներողամտությունը, բայց դա այդ երեխաների ծնողների դեմքն է….
Հ.Գ.Գ. Արդեն մոտ 1 ամիս է նախաձեռնված է քրեական վարույթ, և հուսամ՝ այն կհանգեցնի տրամաբանական ավարտին: Ավելին, սա կլինի դասավանդվող նյութ, թե ինչպես չպետք է իրեն պահի երիտասարդը, որ չենթարկվի պատասխանատվության»,- գրել է Դավիթ Թումասյանը։
Ծեծվող տղան Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող է՝ 15 տարեկան։
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանն ասաց, որ այս միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, սակայն իրենք դրա մասին իմացել են մոտ 2 ամիս անց՝ հոկտեմբերի վերջին։

«Մեր ուսանողն այդ միջադեպի հաջորդ օրը նորմալ դասի է եկել, որևէ բան մենք չենք իմացել։ Բարեբախտաբար, նա որևէ մարմնական վնասվածք չի ստացել։
Դեպքի մասին իմացել ենք այն ժամանակ, երբ իրավապահները սկսել են այդ միջադեպով զբաղվել։
Երեխայի հետ առանձին զրույց եմ ունեցել, պատճառների մասին որևէ բան դեռ չի ասում, քանի որ գործը նախաքննության փուլում է, իրավունք չունի որևէ բան ասելու, մենք էլ շատ բաներից տեղեկացված չենք»,- նշեց Կարեն Նազարյանը։
Նրա խոսքով՝ իրենց ուսանողը վարքի առումով նորմալ երեխա է, գուցե ուսումնառության մեջ առաջադիմությամբ չի փայլում, բայց վատ վարք չունի։
«Հիմա համացանցում շատ են խոսում, որ այդ միջադեպը եղել է քոլեջի տարածքում, բայց այդպես չէ, նման դեպք քոլեջի տարածքում չի կարող լինել։ Քոլեջից 2-3 կմ հեռավորության վրա, դասերից հետո, ըստ քննչական մարմնի պարզաբանումների»,- ընդգծեց Կարեն Նազարյանը։
ՀՀ քննչական կոմիտեն «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է, որ 5 անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։ Սկզբում 5-ի նկատմամբ էլ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան: 4-ի նկատմամբ բավարարվել է 20-օրյա ժամկետով, իսկ մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Երբ եկել է կալանքը երկարաձգելու ժամանակը, դատարանը մերժել է 4-ի նկատմամբ երկարաձգման միջնորդությունը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

