Փաշինյանը փորձում է կանխել այն համաժողովրդական ցասումը, որն ուղղակի կարող է պայթել փողոցներում. ԱԺ նախկին պատգամավոր

Հուլիսի 8-ի խորհրդարանի արտահերթ նիստը կրկին անցավ ծեծկռտուքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայությամբ նիստերի դահլիճում կրկին ներկայացրեցին «ուժի ցուցադրում»։

Բանը հասավ նրան, որ, օրինակ, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ջրի շիշը փորձեց նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ, բայց այն կպավ մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Կարեն Համբարձումյանի ճակատին։

Նշենք, որ վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված ընդդիմադիր Արթուր Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ ԱԺ-ում սպասելու փոխարեն, կգնա եկեղեցի, այնուհետև Քննչական կոմիտե, քանի որ արդեն կա իրեն կալանավորելու որոշում։ Նրա ելույթն ակնհայտորեն դուր չէր եկել ՔՊ-ական Վահե Ղալումյանին, որն Արթուր Սարգսյանի հետևից դահլիճից դուրս եկավ «պարզաբանումներ» ստանալու համար։

Այդ պահին դահլիճում իրարանցում սկսվեց՝ հայհոյանքներով, վիրավորանքներով, նաև սկսեցին իրար հարվածել։

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի բնորոշմամբ՝ խորհրդարանում տեղի ունեցածն ինքնիրավչություն էր։

«Սա մեկ անձի կամայականություն է, մեկ անձի քմահաճույքով պայմանավորված գործողություններ։ Բոլոր ուժայինները, քննչական մարմինները կատարում են այդ մեկ անձի քմահաճույքները։ Այս համատեքստում բոլոր այն ընդդիմադիրները, որոնք իր քիմքին հաճո չեն, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ է սկսում, որովհետև հասկանում է, որ իշխանափոխություն իրականացնելու և իրեն իշխանությունից ուղղակի վռնդելու մեծ պոտենցիալ կա։ Հետևաբար՝ նա ի՞նչ պետք է անի, պետք է լռեցնի մարդկանց, քանի որ լռեցնել չի ստացվում, քրեական հոդվածներ պետք է կարի մարդկանց վրա ու զրկի ազատությունից՝ դրանով փորձելով կանխել այն համաժողովրդական ցասումը, որն ուղղակի կարող է պայթել փողոցներում»,- 168.am հետ զրույցում նշեց Աննա Կոստանյանը։

Ինչ վերաբերում է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա, նրա գնահատմամբ՝ դրանք այդ ապօրինություններին օրինականության էֆեկտ տալու համար արվող ձևական գործողություններ են, թե՝ տեսեք, «օրինական գործողություններ ենք իրականացնում»։

«Իշխանությունների սկսած այս արշավն ընդդիմադիրների, Եկեղեցու նկատմամբ ինձ այլևս չի զարմացնում, շատ բան ինձ համար վաղուց պարզ էր, շատ վաղուց գիտենք, թե ինչ է արվում, ինչ օրակարգ են սրանք սպասարկում, և այդ հրահանգները որտեղից են գալիս՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այստեղ պետք է միայն մտածենք, թե ինչ խաղաղ ճանապարհով է պետք այս իշխանություններին վռնդել այն աթոռից, որի միջոցով այդ անձն իրականացնում է ինքնիրավչություն, զարմանք արտահայտելու այլևս ժամանակ չկա»,- շեշտեց Աննա Կոստանյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանն ԱԺ-ում տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն չունի, քանի որ, նրա խոսքով՝ ինչ էլ ասի, ավելին չի ասելու, քան այն տեսանյութերը, որոնք միջադեպի վերաբերյալ տարածվել են։

Տեսանյութեր

Լրահոս