Խաղաղություն չի՛ կարող լինել, քանի գերիների և արցախցիների հարցը լուծված չէ․ Ջոնաթան Շփանգենբերգ

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ, Free Armenian hostages (Ազատություն հայ գերիներին) շարժման մասնակից Ջոնաթան Շփանգենբերգը վստահ է՝ հնարավոր է Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը օգտագործել՝ Բաքվում պահվող հայ պատանդների վերադարձի ուղղությամբ։

«Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ եթե ինքն Ալիևին դիմի, այդ հարցը կլուծվի։ Չեմ ուզում փակագծերը բացել, բայց օդից չէ այդ հայտարարությունը։ Խաղաղության գործընթացում հստակ նշված չէ պատանդների հարցը և արցախցիների իրավունքների հարցը։ Սրանք կարևոր կետեր են, որոնք պետք է բարձրացվեն՝ անկախ այս խաղաղության գործընթացից։ Եթե մոռացության տրվի, կորցնելու ենք։

Պատմական առիթ ունենք մինչև հունվարի 31-ը Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի, եթե նա իսկապես հաջողի ազատ արձակել հայ պատանդներին։ Կա նվազագույնը 45 հայ, որ հնարավորություն ունի Նոբելյան մրցանակի առաջադրել․ այս հարցով զբաղվողները պետք է այս հայերի հետ կապվեն։ Այս լուրը տարբեր միջոցներով պետք է հասնի Թրամփին, որ ինքը գիտակից լինի, որ նման գործընթաց կա։ Սոցիալական ցանցերում այս հարցի շուրջ աղմուկը կարևոր է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն էլ կարող է իր ձևով այս գործընթացին մաս կազմել։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը կարող է առաջադրել Թրամփին, բայց նրան պետք է հարցնել՝ եթե պատանդներն ազատ արձակվեն, վարչապետը պատրա՞ստ է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի։ Այսինքն՝ հասարակությունը պետք է պահանջատեր լինի այս հարցում։ Որքան որ ես եմ տեսնում, ասում են՝ կառավարությունն աշխատանք տանում է, ես դա չեմ կարող դատել, հուսով եմ, որ աշխատանք տարվում է, բայց նաև տեսնում եմ, որ շատ ավելին կարելի է անել։ Խաղաղության գործընթացը կարևոր է, բայց դեռ իր ավարտին չի հասել և շատ բացեր կան։

Պատանդները, գերիները երբ կան, իսկական խաղաղություն չի կարող լինել, և եթե արցախահայության իրավունքները նկատի չեն առնված։

Ես ամեն առիթով կրկնում եմ, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Այո, 1915թ․ այդ միլիոնավոր զոհերի թիվը չէ, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն ցեղասպանություն է։ Արցախահայերի իրավունքների հիմնահարցն այս կետի շուրջ է, և Ալիևն ինքն է ոճիրի հիմնական պատասխանատուն»,-ասաց նա։

Ըստ Շփանգենբերգի՝ Բունդեսթագի հանդիպումների ժամանակ, երբ ներկայացվել է խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը, հարցրել են՝ արդյո՞ք սա կվնասի խաղաղության գործընթացին, և հստակ օրինակներով հարցադրում անողներին ներկայացվել է, որ նույնիսկ Թրամփի ադիմինիստրացիայում է արցախցիների իրավունքների և պատանդների վերադարձի հարցը բարձրացվում․

«Գերմանիայում տարբեր քաղաքական ուժեր ասում են՝ այո, որ պետք է լուռ չմնալ, բայց երբ տեսնում են, որ շարժում չկա, իրենք այդ առիթը պետք է օգտագործեն և լուռ մնան, որովհետև միջազգային այնքան հարցեր կան, որ քաղաքական գործիչները փորձում են հնարավորինս քիչ գլխացավանք ունենալ։ Այստեղ մշտական աշխատանքի կարիք կա։ Մենք որքան այս հարցերն առաջ ենք տանում, իրենք ավելի գործնական քայլերի են դիմում»։

Նա շեշտեց՝ Ադրբեջանը հոգեբանական մարտ է տանում հայության դեմ՝ այս շոու ծրագրերով՝ կեղծ դատավարություններով․ «Մեկ պատգամն ուղղված է հայությանը, մյուսը՝ Ադրբեջանի հասարակությանը, որ իրենց ցույց տա, թե ինքը հզոր մարդ է։ Դա Ալիևի բռնատիրական քայլերից է։

Մյուս կողմից՝ հայությանը փորձում է ցույց տալ, թե ինքն է որոշում՝ ինչ կլինի, այս ձևով փորձելով ճնշում բանեցնել հայ իրականության վրա։ Սա իմանալով ենք մենք պատանդ ասում այնտեղ պահվողներին։ Մանավանդ, որ նրանց կեղծ դատավճիռները պետք է կայացվեն, դա էլ պատգամ է հայությանը։ Բայց Ալիևի քարտերն էլ մի օր կվերջանան, և գալու է մի օր, երբ միջազգային հանրությունը պահանջի պատանդների ազատ արձակումն Ալիևից, մանավանդ, եթե խաղաղության մասին է խոսվում։

Այստեղ մեր աշխատանքը՝ այս հարցերը բարձրաձայնելու, շատ կարևոր է, և Հայաստանի Հանրապետությունն էլ կարող է մեծ դերակատար լինել։ Պետք է բոլոր դեսպանատներն այս հարցը բարձրացնեն․ արդյո՞ք բարձրացնում են՝ չգիտեմ։ Բայց կան շատ բաներ, որ կարելի է անել։ Օրինակ՝ նախորդ տարի կապվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հետ, որ այնտեղ գերիների նկարներով մեծ պաստառներ դրվեն, բայց մերժեցին։ Այսպիսի քայլերը զարմացնում են, եթե բաղդատենք, օրինակ՝ Իսրայելի հասարակությունն ինչ քայլերի դիմեց՝ իմանալով, որ Նեթանյահուի քայլերը ցեղասպանություն են Պաղեստինի դեմ, բայց պատանդների հարցն իրավունքի հարց է։ Սա պետք է մեզ օրինակ լինի, որ անկախ մեր կարծիքներից, եթե այս հարցի շուրջ միանանք, հաջողության կարող ենք հասնել»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս