Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարը ԶՈՒ զարգացման համար
Նոյեմբերի 7-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հետևյալ հարցադրումներով.
1.Վերջերս Սու–30MKI-ների ձեռքբերման հնդկական աղբյուրների տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարը հերքել էր, սակայն դրանք չեն դադարում տարածվել հնդկական ռեսուրսներով: Բայց մենք ունենք 4 միավոր Սու-30ՍՄ արդյո՞ք դրանք արդիականացման փուլ անցնելու են, կամ՝ Սու-25-երը, որի վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ պայմանագիր էր կնքել:
2.Օգոստոսի 8-ից հետո Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ կնքված սպառազինության պայմանագրերը կամ նախնական պայմանավորվածությունները կրե՞լ են փոփոխություն, կամ՝ դրանց քանի՞ տոկոսն են կատարվել: Օրինակ, Ֆրանսիայի դեպքում խոսվում էր «Բաստիոն» զրահամեքենաների մասին, որոնք արդեն Հայաստանում են, ինչպես նաև՝ CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման և GM 200 ռադարների և գիշերային տեսանելիության սարքերի:
Մոտ երկու շաբաթ հետո իր պատասխան գրության մեջ ՀՀ ՊՆ-ն նշել է, որ «նշված հարցադրումներով պահանջվող տեղեկատվությունը, «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվություն է, և հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջը՝ հնարավոր չէ տրամադրել»:
Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ով 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ է հանրայնացրել, ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր քաղաքացիներից կազմված խմբերին ցույց տալ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը:
«ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռքբերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձևաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից և նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,- մասնավորապես, Ֆեյսբուքում գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, այս գաղափարը շատ քաղաքացիներ չէին էլ ողջունել, կամ՝ առաջարկել էին զորահանդես կազմակերպել, ինչին Փաշինյանը դեմ է, այն չի տեղավորվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ:
Բայց արի ու տես, որ մեր հարցադրումներով պահանջվող տեղեկության տրամադրումը մերժող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեմ չի արտահայտվել քաղաքացիներից կազմված խմբերին ցույց գնված նոր սպառազինությունը ցույց տալուն, երբ դեռ նույնիսկ հավատարմագրված լրագրողները պաշտպանական գերատեսչության վերահսկողությամբ դա չեն տեսել: Սակայն Հանրային խորհրդի անդամներին այդ սպառազինությունն առաջնային կարգով ցուցադրվել է, ավելին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը հայտնել է, որ գնված ռազմական տեխնիկայի նմուշներին ծանոթացել են նաև Հանրային խորհրդից դուրս անձինք ևս:
«Կառավարության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ Հանրային խորհրդից դուրս մոտ մեկ տասնյակ մարդիկ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում առաջատար, բանիմաց և շատ հավասարակշռված, իմ խնդրանքով ևս մասնակցեցին այդ դիտումներին»,- ասել է նա:
Ովքե՞ր են այս մարդիկ, որքանո՞վ նրանք իրավունք ունեն իմանալու պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվությունը, ինչի հիման վրա Սուրեն Պապիկյանը, օրինակ, մերժել է մեզ ընդամենը կամ թույլատրելի սահմանում հայտնել՝ արդյո՞ք ֆրանսիական կողմից հրապարակավ խոստացված, հայտարարված բոլոր համակարգերը կամ ռազմական տեխնիկան է մատակարարվել:
Մեզ մերժել է այն նույն Սուրեն Պապիկյանը, ում պաշտոնավարման օրոք 2022 թվականի մարտի 31-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Հաղորդագրությանը կից լուսանկարներ էին հրապարակվել, որոնց միջոցով, ըստ փորձագետների, անգամ ոչ մասնագետները կարող էին հեշտությամբ որոշել ռազմական նշված անգարի գեոլոկացիան, իսկ այսպիսի անգարները Հայաստանում շատ չեն:
Ի դեպ, այս ընթացքում գնված սպառազինությունը տեսնելու մասին հասցրել է հարցազրույցում հայտնել նաև Դանիել Իոաննիսյանը, որ տեսել է ամեն տեսակի զենք:
«Տեսել եմ տարատեսակ զենքեր, հրետանային միջոցներ՝ քարշակով, համազարկային, ինքնագնաց, կարճ փողով՝ հաուբիցային տրամաբանությամբ, նաև՝ հակատանկային, հակաօդային, ռադիոլոկացիոն, հետախուզական, ՌԷՊ միջոցներ, անձնակազմին տեղափոխող զրահապատ մեքենաներ՝ «Բաստիոնները»»,- հարցազրույցներից մեկում իր տեսածը մանրամասնել է նա:
Իհարկե, հնարավոր է՝ մի օր նաև Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներին ցույց տրվի ձեռք բերված սպառազինությունը, բայց այս պահի դրությամբ արձանագրում ենք այն, ինչ կա՝ թույլատրելի սահմանում մերժվում է հաստատել կամ հերքել արդեն հրապարակված տեղեկությունը, սակայն մոտ մեկ տասնյակ ինչ-ինչ անձինք կարողանում են ծանոթանալ ՊՆ զինանոցի մաս կազմող նոր սպառազինությանը:
Այս համատեքստում նշենք, որ վերջերս Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, որովհետև զենք են գնել:

168.am-ն անդրադարձել է այս թեմային և հիշեցրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զարգացման նախագիծը, որ նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին:
Նշվածին հավելենք, որ մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը 2018-2019 թվականների համար Նիկոլ Փաշինյանին հստակ ներկայացրել են 2.5 միլիարդ դոլարի անհրաժեշտ միջոցների ձեռքբերման առաջարկ, ինչը թույլ կտար կանխել հնարավոր պատերազմը:
Ինքը՝ Փաշինյանն էլ 2018 թվականի դեկտեմբերին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր.
«Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»:
Սա իրականում տեղի չունեցավ: 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար, 2019 թվականին էլ՝ 804.114 միլիոն դոլար: Գումարեք այս թվերին խոստացված հավելյալ 2.5 միլիարդ դոլարը և կտեսնեք, որ այս չափի պաշտպանական ծախս չենք ունեցել անգամ 2025 թվականին (պետական բյուջե՝ գումարած հավելյալ ներդրում):

