Տոկաևը սպասում է Փաշինյանին․ ինչո՞ւ է Տոկաևն Ալիևից հետո Ղազախստան հրավիրել Փաշինյանին
Վերջին ամիսների ընթացքում հետսովետական տարածաշրջանում հարաբերությունների նոր ճարտարապետություն է ձևավորվում. Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս պրակտիկ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային երկխոսությունն էականորեն խորանում է, և այս գործընթացում լոկոմոտիվի դերակատարություն են ստանձնել Ղազախստանն ու Ադրբեջանը։ Այսօր Ադրբեջանին ու Ղազախստանին կապում է ոչ միայն անդամակցությունը Թյուրքախոս պետությունների համագործակցության կազմակերպությանը, այլև միջինասիական հանրույթը, որին Ալիևը միացավ օրերս Տաշքենդում Կենտրոնական Ասիայի 5 երկրների խորհրդատվական հարթակի՝ C5-ի հերթական գագաթնաժողովի ընթացքում։
Այս հարթակի հանդիպումներին Ադրբեջանը հրավիրվում է արդեն երրորդ տարին, իսկ նոյեմբերի 15-ին Ուզբեկստանում տեղի ունեցած հավաքի ընթացքում Ադբեջանը դարձավ այդ հարթակի լիիրավ մաս «5+1» ձևաչափով՝ հարաբերությունները միջինասիական երկրների հետ բարձրացնելով նոր մակարդակի։ Ամենևին ավելորդ չէ հիշեցնել, որ այս իրադարձությունից ուղիղ 10 օր առաջ Կենտրոնական Ասիայի 5 ղեկավարներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Սպիտակ տանն էին, որտեղ գագաթնաժողով անցկացրեցին և էական պայմանավորվածություններ ձեռք բերեցին համագործակցության և հատկապես՝ տնտեսության ոլորտում։ Դեռևս այդ գագաթնաժողովից առաջ մամուլը գրում էր, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը Դոնալդ Թրամփին առաջարկել է, որպեսզի Սպիտակ տուն հրավիրվի նաև Իլհամ Ալիևը: Ինչ-ինչ պատճառներով այս լուրը հաստատում և շարունակություն չստացավ, սակայն, դատելով իրադարձությունների շղթայից, այն բացառելի չէ։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը ևս խոսել էր այն մասին, որ չնայած Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում, ակտիվ փոխգործակցության շնորհիվ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը կարող են ձևավորել միասնական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջան։
Ղազախստանը սկսել է էականորեն գրավել հայաստանյան արտաքին քաղաքական զարգացումների քրոնիկոնը։ Այսօր հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում:
ՀՀ կառավարության փոխանցմամբ, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Փաշինյանը, ըստ հաղորդագրության, հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան:
Այս այցին բավականին ուշագրավ կոնտեքստ է հաղորդում այն փաստը, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ Իլհամ Ալիևի երկօրյա պետական այցը Ղազախստան, որի ընթացքում էլ նա հայտարարեց հայտնի ցորենի գործարքի մասին։ Ի դեպ, ղազախական ցորենի առաջին խմբաքանակն օրերս առաքվեց ՀՀ Ադրբեջանի տարածքով։ Ի վերջո, Ալիևի Աստանա պետական այցից առաջ էր Տոկաևն անոնսել, որ մինչև տարեվերջ սպասում է նաև Նիկոլ Փաշինյանին: Նոյեմբերի 7-ին Ղազախստանի ղեկավար Տոկաևը Սպիտակ տանն էր միջինասիական մյուս 4 երկրների ղեկավարների հետ, որտեղ ամերիկյան կողմի հետ կնքվեցին ավելի քան 17 միլիարդ դոլարի արժողությամբ առևտրային համաձայնագրեր։
Տոկաևը Թրամփին նաև ասել էր, որ աջակցում է ԱՄՆ նախագահի խաղաղապահ նախաձեռնություններին. «Այդ թվում՝ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրին, որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը»,- նշվում էր Ղազախստանի նախագահականի տարածած հաղորդագրությունում։
Տոկաևի ամերիկյան այցից օրեր անց ՝ մասնավորապես նոյեմբերի 12-ին, կայացավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն, որը ղազախա-ռուսական հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր դիվանագիտական կարգավիճակ ունեցող առաջին ուղևորությունն էր, որի ընթացքում ստորագրվեց նախկինում հայտարարված հռչակագիրը՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մակարդակի անցնելու վերաբերյալ։ Հռչակագիրը նախատեսում է բոլոր մակարդակներում քաղաքական բարձր մակարդակի շփումներ, Ռուսաստանի հանձնառություն՝ Ղազախստանում առաջին ատոմակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտելու, ռուսաց լեզվի՝ որպես միջպետական հաղորդակցության միջոցի, առաջխաղացում ԱՊՀ-ում և համագործակցության զարգացում Բայկոնուրում։ Ավելին, հռչակագրում ամրագրվում է սեփական անվտանգությունն այլ երկրների հաշվին ապահովելուց հրաժարվելու սկզբունքը, հռչակագիրն աջակցում է նաև բազմաբևեռ աշխարհի կառուցմանը և Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության ստեղծմանը։ Եվ այս բարդ աշխարհաքաղաքական դիրքավորումների ֆոնին Տոկաևը Ղազախստանում սպասում է Փաշինյանին։
Տոկաևի դիրքավորումը Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում ցույց է տալիս, որ Աստանան ցանկանում է դառնալ լայն տարածաշրջանային բալանսավորող։ Ըստ մի շարք գնահատականների, Ղազախստանը ձգտում է Մոսկվայի ազդեցությունից դուրս սեփական դերը կառուցել։ Ռուսաստանի ազդեցության նվազման պայմաններում Ղազախստանը փորձում է ընդլայնել իր արտաքին քաղաքական տարածքը։ Աստանան իրեն ներկայացնում է՝ որպես պետություն, որը կարող է խոսել բոլոր կողմերի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Արևմուտքի և այժմ նաև՝ Հայաստանի հետ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք չէ մոռանալ, որ Ղազախստանը խորը հարաբերություններ ունի Լոնդոնի հետ՝ էներգետիկ նախագծեր, ֆինանսական շուկաներ և շահեր տրանսպորտային միջանցքների միջոցով և դրանց շուրջ։ Բրիտանիան իր հետաքրքրություններն Անդրկովկասում ավելի ու ավելի շատ իրականացնում է հենց Ղազախստանի միջոցով, ԱՄՆ-ին ու Ղազախստանին ևս սկսում են կապել նման շահերը։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ այս բոլոր զարգացումները պետք է դիտարկել նոր աշխարհակարգի վերաձևումների գործընթացի շրջանակում՝ քանդվում են ավանդական համագործակցության ձևաչափերը, ձևավորվում են նորերը։ Ըստ նրա, այդ ամենի վառ ցուցիչ է այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի միջև։

«Բնականաբար, դա չի կարող չվերաբերել նաև Հայաստանին, որը ձգտում է թե՛ կտրվել Մոսկվայի ազդեցությունից, թե՛ բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Հայաստանն այս շահերում իրենից ներկայացնում է տարանցիկ օղակ, Ղազախստանին հետաքրքիր է Միջին միջանցքի պրոյեկտն ու շահերն ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, ինչպես նաև արտաքին քաղաքական բազմավեկտորության ձևավորումը, որով Ղազախստանն ակտիվորեն զբաղվում է ուկրաինական զարգացումներից հետո։ Հայաստանը փորձում է ներդնել հենց այս մոդելը, թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, քանի որ մի որոշումը կարող է տարբեր արդյունքներ ունենալ տարբեր երկրների դեպքում, սակայն մի շարք միտումներ հստակ տեսանելի են՝ հեռավորություն Մոսկվայից, Մոսկվայի հետ հարաբերությունների շրջանակի վերանայում և արտաքին քաղաքական նոր գործընկերների ու դաշինքների հաստատում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, սա չի նշանակում, թե ՌԴ-ն հեռանում է այս ռեգիոններից, սակայն ակնհայտ է նաև, որ որոշակի վերանայումներ ու փոփոխություններ այնուամենայնիվ տեղի են ունենում.
«Առաջին պլան են եկել տնտեսական շահերը, նոր ակնկալիքներ ևս կան ապաշրջափակման գործընթացից։ Չէ՞ որ ռուսական կողմը ևս ցորեն մատակարարեց, և հայտարարվեց ապրանքների շրջանակն ընդլայնելու ծրագրերի մասին։ Այսինքն՝ կա նոր իրավիճակ, և բոլորը փորձում են դիրքավորվել։ Սակայն Ռուսաստանի համար դեռ շարունակում է կարևոր մնալ հիմնական ճակատը և բանակցությունն Ուկրաինայի շուրջ, ինչն ամենաորոշիչ հարցն է»,- ասաց նա։
Իսկ Փաշինյանի այցը Ղազախստան, նրա խոսքով, տեղավորվում է այս փոփոխությունների, Ղազախստանի՝ Հարավային Կովկաս «ներթափանցման», մատակարարումների շղթայում ներառման, Ղազախստանի միջնորդական դերակատարության ամրապնդման շրջանակում։
«Ղազախստանի դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվում է, հստակ ուրվագիծ է ստանում, ուստի նման այցերը և շփումների ակտիվությունը լիովին բացատրելի է»,- ասաց նա։

