Արցախում գրանցվել է հերթական վանդալիզմի դեպքը. իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք. Հովիկ Ավանեսով
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Եթե նախկինում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականության վերաբերյալ, ապա այժմ ակնհայտ է, որ նույն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական հուշարձանները, որոնց հանդեպ Բաքվի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նույն աստիճանի անտարբերություն և ոչնչացման քաղաքականություն։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«Այս մտահոգիչ իրականության ամենաթարմ և ցցուն փաստերից մեկն է «շինարարական աշխատանքների» պատրվակի տակ հիմնահատակ ոչնչացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Հուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով ապացույցներ, որոնք դժվար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն։
Պետք է հիշեցնել, որ դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն։
Այս փաստերի համադրությունը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության, բազմամշակութայնության և ժառանգության պահպանության պատասխանատու սուբյեկտ, այլ՝ որպես քաղաքակրթական ժառանգության համակարգված ոչնչացման նախաձեռնող և իրականացնող ուժ։ Այս վարքագիծը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրույթներին, որոնցով պետություններն պարտավորվում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։
Ադրբեջանի ներկայիս գործողությունները վտանգում են ամբողջ տարածաշրջանի` դարերով ձևավորված պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմական գերեզմանատները, բնակավայրերը, մոնումենտալ հուշարձանները, այլև հենց ադրբեջանական իշխանությունների կողմից «սեփական» համարվող իսլամական կառույցները։ Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որը միտված է տարածքային-քաղաքական բռնազավթումը ամրապնդել մշակութային միջավայրի յուրացման և ոչնչացման միջոցով։
Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր․ այն համաշխարհային քաղաքակրթության հանդեպ ուղղված մարտահրավեր է։ Եվ հենց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թե որպես ժամանակակից, պատասխանատու պետություն, այլ որպես աշխարհի մշակութային ժառանգության անվտանգության համար իրական սպառնալիք»,- գրել է նա:

