ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Երևան՝ ԱՄՆ ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակների մաս

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Այս մասին նախօրեին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հուքերի այցի նպատակն է «առաջ մղել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականը»։ «Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- հայտնել էր դեսպանատունը։

Ընդգծենք, որ Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում չկան ո՛չ «Ցեղասպանություն», ո՛չ նույնիսկ «Եղեռն» արտահայտությունները, հաղորդագրությունում պարզապես նշվում է․ «ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և ծաղիկներ դնելու անմար կրակի մոտ»։

Տարածված լուսանկարներից տեսանելի է, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ալիսոն Հուքերին Ցեղասպանության հուշահամալիրում պաշտոնապես որևէ հայ պաշտոնյա չի ուղեկցում, ինչը խորհրդանշական հանգամանք է և լիովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականության շրջանակում։

Կարդացեք նաև

Հուքերի այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ, այս հանդիպումների վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպել էր Ալիսոն Հուքերին, հանդիպմանը քննարկվել էր TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը: Դեսպանատունը նշել էր, որ քննարկվել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի հետ կապված հարցեր:

Ալիսոն Հուքերը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։ Կարելի է ասել, որ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը վաշինգտոնյան պայմանավորվածությունների գծով ամերիկյան գլխավոր համակարգողն ու բանակցողն է։ Նախօրեին Փաշինյանի հետ հանդիպմանն, ըստ ՀՀ Կառավարության, Հուքերն ասել է, որ Երևան է այցելել օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։

Ալիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել՝ քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և Թրամփի ուղին զարգացնելը` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

ՀՀ ԱԳՆ հաղորդգարության համաձայն, հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Միրզոյան-Հուքեր հանդիպմանը նրանք արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ: Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։

Վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ ներկայիս նախագահը մեծ նշանակություն է Հարավային Կովկասին և այն տարածաշրջաններին, որոնցով կարող են անցնել տարանցիկ, էներգետիկ մեծ պրոյեկտներ՝ օգուտներ ապահովելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի փոխարեն։ Ուստի, նրա դիտարկմամբ, պատահական չէ, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ու «Թրամփի ուղու» շուրջ պայմանավորվածությունից հետո Թրամփի վարչակազմը սկսեց զբաղվել Միջին Ասիայի հետ հարաբերությունները խորացնելու, նոր պրոյեկտներ ու հարաբերությունների նոր համակարգ հաստատելու ուղղությամբ, քանի որ «Թրամփի ուղին» պետք է ավելի խոշոր պրոյեկտների բաղադրիչ դառնա։

«Այս ամենում, բնականաբար, կարևորություն ունի նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ իր աշխարհագրությամբ ու աշխարհաքաղաքականությամբ, քանի որ այս ռեգիոնում հատվում են Ռուսաստանի ու Չինաստանի շահերը։ Եվ այս պատերազմական ու ՌԴ-ի դիրքերի թուլացման փուլն ամենահարմար շրջանն է, երբ կարելի է ՌԴ ազդեցությունը հնարավորինս պակասեցնել՝ ուժեղացնելով ԱՄՆ ազդեցությունը։ Պետք է նշել նաև այն, որ սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ այդ ռեգիոնալ երկրները ևս փորձում են ազատվել ռուսական ազդեցությունից՝ վարելով ավելի դիվերսիֆիկացված քաղաքականություն»,- մեկնաբանեց Մենաղարիշվիլին։

Նրա խոսքով, այս նույն տրամաբանության շրջանակին պետք է վերագրել Ադրբեջանի ակտիվությունը միջինասիական ուղղությամբ, որը պայմանավորված է գրեթե նույն աշխահաքաղաքական իրողություններով։

«Ուստի այս գլոբալ փոփոխությունների, նոր պայմանավորվածությունների, տարածաշրջանային վերաձևումներին զուգահեռ՝ շարունակվում են ձեռք բերվել պրակտիկ պայմանավորվածություններ։ Պետքարտուղարի տեղակալի այցը պետք է դիտարկել հենց այս զարգացումների շրջանակում։

Բացի այդ, Թրամփը կցանկանա դառնալ Հարավային Կովկասում վերջնական ստորագրությունների հովանավորը ևս, թեև վաշինգտոնյան պայմանավորվածություններն արդեն իսկ ներկայացվեցին՝ որպես մեծ բեկում ռեգիոնում, ինչպես նաև ռեգիոնի ու ԱՄՆ-ի հարաբերություններում։ ԱՄՆ-ը՝ ի դեմս Թրամփի, որպես միջնորդ և դերակատար՝ ժամանակին հայտնվեց կողմերի միջև, կարողանալով թե պրակտիկ, թե աշխարհաքաղաքական նշանակության պայմանավորվածություններ ստանալ։ Իսկ պետքարտուղարի տեղակալը պետք է այդ ամենն առարկայացնի ու շատ հարցեր բանակցի, որոնց մասին անընդհատ հայտարարություններ ենք լսում»,- ասաց Մենաղարիշվիլին։

Նրա խոսքով, բոլորի համար ակնհայտ է, որ Վաշինգտոնում կողմերը դրել են հիմնական պայմանավորվածությունների հիմքը, սակայն մնացած ծավալուն աշխատանքը, բանակցությունները, համաձայնեցումները, գերատեսչությունների միջև աշխատանքը դեռ պետք է ծավալվի։

 

Տեսանյութեր

Լրահոս