Ապօրինի և աբսուրդ ձերբակալություններով և մասկի-շոուներով սրանք ուզում են ահուսարսափ տարածել․ Կարինե Նալչաջյան

Հնարավոր չէ մարդկանց անընդհատ խաբել։ Շուտով կլրանա ութերորդ տարին, ինչ մարդիկ խաբեության մեջ են ապրում։ Սկզբում հեշտ էր խաբելը՝ ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ, դուք բոլորդ վարչապետներ եք։ Մարդիկ ընկան ծուղակը, բայց մարդկանց հիմարի տեղ դնել չի կարելի։ Բոլոր դեպքերում, մարդն իր եզրակացություններին հանգում է՝ ելնելով նաև իր կենսափորձից։ Իսկ կենսափորձը մարդկանց ցույց է տալիս, որ այս անձը ճշմարտություններ շատ հազվադեպ է ասում, մանավանդ, երբ ինչ-որ խոստումներ է տալիս, երկրի և ժողովրդի համար հեռանկարներ է գծում։ Հիմա մարդկանց աչքերը բացվել են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Իրենք մի նոր ձև են գտել՝ ճնշելու մարդկանց, զոհի կարգավիճակում պահելու։ Վախի մթնոլորտն ազդեցիկ է մարդու համար։ Իրենք փորձում են մարդկանց թյուրիմացության մեջ գցել՝ այս անգամ խաղաղություն խոստանալով։ Պարտադիր չէ ինչ-որ ասպարեզներում մասնագետ լինել՝ հասկանալու, որ մինչ դու ինձ խաբում ես, թե խաղաղություն է սպասվում, մինչև ատամները զինված թշնամին կազմ ու պատրաստ մեր ոչնչացմանն է սպասում։ Իրենց պետական և ազգային շահերին հասնելու համար թուրքը և ադրբեջանցին անում են այնպիսի քայլեր, որոնք այս պահին իրենց համար աստեղային ժամ են։ Տեսնում ենք, թե այս մարդիկ դրսում ինչ կեցվածք են ընդունում թշնամու առաջ՝ այլ երկրների ղեկավարների կողքին։ Մարդիկ հասկանում են, որ դրսում սրանց խոսքը բացարձակապես չի անցնում»,- ասաց հասարակական գործիչը:

«Սա առյուծ է կտրում, երբ գալիս է Հայաստան և սկսում է մեր ժողովրդի հետ առնչվել և ինչ-որ բաներ ասել։ Կա հակազդման ռեակցիա, երբ մարդիկ դիմանում են, բայց գոյություն ունի դիմանալու շեմ։ Հասարակական ընկալումների տեսակետից՝ մենք այսօր արդեն որակապես լրիվ այլ վիճակ ունենք։ Մարդիկ հասկանում ու տրամաբանում են։ Այստեղ է, որ իրենք սկսեցին գործի դնել մի հին ու փորձված զենք՝ վախը։ Այս դեպքում դա արդեն պատերազմից վախը չէ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այս խաղաղության բլեֆը կարծես այլևս չի անցնում։ Վախն ամենաարխաիկ, հնագույն ապրումներից մեկն է, իր մեջ ունի պաշտպանական գործառույթ։ Եթե մեր նախնիները քարանձավներում ապրելիս չվախենային օձերից ու կարիճներից, հարևան ցեղերի հարձակումներից, մարդկությունը կվերանար։ Հիմա իրենք արթնացնում են այդ արխաիկ ապրումները»,- նշեց հոգեբանը:

Գիտնականի կարծիքով՝ մենք տեսնում ենք մարդկանց ձերբակալելու և կալանավորելու ապօրինի և աբսուրդ մասկի-շոուներ. «Ինչո՞ւ են պետք այդ կինոյի տեսարանները։ Ուզում են ահուսարսափ տարածել։ Թուրքերի հետ միասին՝ սրանց հաջողվել է մեր ժողովրդին դնել հոգեբանական զոհի կարգավիճակում։ Այն մարդը, որը մտածում է, թե ինքը ոչինչ չի կարող անել, անկարող է, իրադրության տերը բացարձակապես ինքը չէ, և ամեն ինչ կախված է ուրիշից, ագրեսորից, իշխողից, ուրեմն նա հոգեբանական զոհ է և չի կարող պայքարել։ Սրանք անընդհատ հարվածներ են հասցնում։ Մենք ամեն օր մեր աչքերը բացում ու մի նոր հարվածի ենք հանդիպում՝ հարված հայրենիքի, հայ երիտասարդ կյանքերի կորստի, եկեղեցու դեմ արշավի տեսքով, հարվածներ մեր ինքնասիրությանը, մարդկային արժանապատվությանը»:

«Անընդհատ հարվածներ ստացող մարդու ինքնագնահատականն իջնում է։ Այսօր մեր հասարակության մեջ առկա ամենավտանգավոր միտումներից մեկը ոչ թե աչքերը փակելն ու չտեսնելն է, այլ անկարողության զգացումը։ Ոմանք ասում են՝ սրանք ամեն ինչ կանեն, էլի իրենք կանցնեն։ Դա սխալ մտածելակերպ է։ Եթե այդքան զրոյական լիներ քաղաքացու դերն այսօրվա քաղաքական գործընթացներում, սրանք այդքան ոտուձեռ ընկած՝ գյուղ ու քաղաքում չէին խաբի ու սպառնա։ Ինչո՞ւ պիտի այդքան ջանք թափեին, իրենց վայելքներով կզբաղվեին և իրենց նեղություն չէին տա։ Ուրեմն, մեզնից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս