Ռուսաստանը Հարավային Կովկասում սկսում է նոր կետի՞ց

Ռուսաստանը Հայաստանին երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդրահարույց հարցերը քննարկելու հարցերի շուրջ խորհրդակցություններ է առաջարկել։ Երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, այդ թվում՝ արտաքին դերակատարների հովանավորությամբ։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է եղել։

Զախարովան նշել է, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու մասին հայտարարությունները հնչում են երկրում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։

«Չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Կարծես թե վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում փորձարկված սխեմայով»,- ասված էր նրա մեկնաբանության մեջ։

Զախարովան ընդգծել էր, որ ռուսական կողմը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Երևանի հնարավոր մտահոգությունները: «Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ պրոֆիլային գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում՝ եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնի շտկման նպատակով»,- նշել է Զախարովան:

Կարդացեք նաև

Նա շեշտել է, որ Մոսկվան առանց հապաղելու օգնության է հասնում Հայաստանին, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերը պետք է ժամանակի փորձություն անցնեն։ Զախարովան հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսին Ռուսաստանի մասնագետները կարճ ժամանակում վերականգնել են Հայաստանի հյուսիսում հեղեղումներից ավերված երկաթուղային հատվածը, իսկ նոյեմբերին ցորենի մատակարարում են կազմակերպել Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով: «Ընդգծենք, որ այս իրադարձությունը մեծամասամբ հնարավոր դարձան տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ժամանակին ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների շնորհիվ»,- նշել է Զախարովան։

Երեկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե ՌԴ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։

«Դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր կան։ Հուսով ենք, որ այն կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Ի դեպ, Պեսկովի այս հայտարարությունը հետևեց ՌԴ ԱՀԾ-ի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՀԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից հացահատիկի որոշակի քանակություն գնելով ավելի բարձր գներով, իսկ Երևանը կփոխհատուցի գերվճարը՝ օգտագործելով ԵՄ միջոցները։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը «ցանկանում են անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի որոշակի քանակություն գնելով»,- նշել էին ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայունից։

Այս հաղորդագրությունը երեկ Նիկոլ Փաշինյանն «անհեթեթություն» էր որակել, իսկ Պեսկովը հակադարձել էր՝ շեշտելով, թե ՌԴ ԱՀԾ-ն պատահական հայտարարություններ չի անում։

«168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը նշեց, որ հարաբերություններում խորհրդակցություններ են առաջարկվել, քանի որ ոլորտային երկխոսությունն, ամենայն հավանականությամբ, ինտենսիվ չէ, և կան հարցեր, որոնք հրապարակային հայտարարությունների փոխարեն՝ կարող են պարզաբանվել անմիջական շփման ու բանակցությունների ընթացքում։

Ըստ նրա, հիբրիդային պատերազմի գործիքներն իսկապես առավել բնորոշ են Արևմուտքին, քան Ռուսաստանին։

«Բայց կարծում եմ, որ այս առաջարկը ՌԴ արտաքին քաղաքականության շատ ավելի լայն վերանայման մի բաղադրիչ է։ Ռուսաստանը Հարավային Կովկասում կարծես թարմացնում է իր քաղաքականությունը, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ առաջարկվում է երկխոսություն ներկա իրողությունների շուրջ։ Պարզ է, որ այս տարիների ընթացքում իրավիճակն անընդհատ փոխվել է ռեգիոնում, կողմերը կանգնած են նոր որոշումներին ու հանգրվաններին ընդառաջ, ուստի Ռուսաստանը՝ որպես գործընկեր, ում հետ հարաբերությունները ռեգիոնալ երկրները չեն խզել, փորձում է հարաբերությունները կառուցել ներկա իրողությունների պայմաններում»,- ասաց Արեշևը։

Նրա կարծիքով, ներկայումս շատ ուժային կենտրոններ համագործակցության շեշտը դնում են հենց տնտեսական հարաբերությունները զարգացնելու վրա, ինչպես ԱՄՆ-ը, Չինաստանը տարբեր ռեգիոններում։ Նրա խոսքով, Ռուսաստանը ևս շեշտը դնում է տնտեսական համագործակցության վրա։

«Այդ տեսանկյունից կարևոր էր նաև այն, որ ապաշրջափակման գործընթացի առաջին որոշումներից մեկից օգտվեց նաև ՌԴ-ն՝ ռուսական ցորեն տեղափոխելով Հայաստան, և տրամադրվածություն կա տեղում աշխատել այնքան, որքան հնարավոր է։ Ռուսաստանի դեպքում պահպանվում է արտաքին քաղաքական ծանրաբեռնվածությունը, պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով, սակայն, ինչպես արտաքին քաղաքական այլ խաղացողներ են աշխատում (ինչպես ԱՄՆ-ն է ակտիվ մի շարք ռեգիոններում, այդ թվում՝ հետսովետական), ապա ՌԴ-ն էլ իր հերթին պետք է փորձի պահպանել ազդեցությունը, և, բնականաբար, դրա դեմ փորձելու են գործի դնել մեխանիզմներ, որոնք կիրառվել են Մոլդովայում և մի շարք այլ երկրներում, որտեղ փորձել են թուլացնել ՌԴ դիրքերը: Որևէ նորություն չկա նրանում, որ Արևմուտքը պայքարում է ՌԴ ազդեցության և ՌԴ դրական համագործակցության բոլոր օրինակների դեմ»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս