Չինական խոշոր նավթավերամշակման գործարանը առաջիկա ամիսներին կհրաժարվի ռուսական հում նավթ գնելուց․ Reuters
Չինաստանի Շենսի նահանգի վարչակազմի հետ կապված պետական Yanchang Petroleum ընկերությունը կխուսափի ռուսական նավթից դեկտեմբերից մինչև փետրվարի կեսերը իրականացվող մատակարարումների մրցույթում, հայտնել են Reuters գործակալությանը երկու անանուն թրեյդերներ։
Շենսին, որտեղ տեղակայված են Yanchang-ի հիմնական ձեռնարկությունները, հյուսիսային ցամաքային նահանգ է, որը ելք չունի դեպի ծով։ Մինչ այժմ, թրեյդերներից մեկի խոսքով, Yanchang-ը, որպես կանոն, ամսական մեկ խմբաքանակ ռուսական նավթ էր գնում։ Այն Չինաստանի խորքային շրջանների նավթամթերքի խոշորագույն արտադրողներից մեկն է։
Ընկերությունը չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին։
Թրամփի վարչակազմի կողմից ռուսական «Լուկոյլ» և «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների դեմ առաջին պատժամիջոցները կիրառելուց հետո, Չինաստանում և Հնդկաստանում ռուսական նավթի որոշ խոշոր ներմուծողներ սկսել են ձեռնպահ մնալ ռուսական նավթի գնումներից։



