Չինաստանը դադարեցրել է նավահանգստային մաքսատուրքերի գանձումն ամերիկյան նավերի նկատմամբ
Չինաստանը մեկ տարով դադարեցրել է ամերիկյան նավերի նկատմամբ նավահանգստային մաքսատուրքերի գանձումը՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նմանօրինակ քայլի: Այդ մասին հայտարարել են Չինաստանի տրանսպորտի նախարարությունում։Հոկտեմբերի վերջին Չինաստանի առևտրի նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մեկ տարով կդադարեցնի նավահանգստային մաքսատուրքերը չինական նավերի նկատմամբ, որից հետո Չինաստանը «կձեռնարկի նմանատիպ միջոցներ»։
Ինչպես հետևում է Չինաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությունից, նոյեմբերի 10-ից համապատասխան նավահանգստային մաքսատուրքերի գանձումը «կդադարեցվի մեկ տարով»՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ համապատասխան միջոցների դադարեցման հետ միաժամանակ։
Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր Չինաստանի ծովային նավագնացության, լոգիստիկայի և նավաշինության նկատմամբ թիվ 301 բաժնին համապատասխանության հարցում հետաքննության արդյունքների շուրջ վերջնական միջոցառումների մասին։ Այդ միջոցառումները նախատեսում էին նավահանգստային մաքսատուրքերի սահմանում Չինաստանի հետ կապված նավերի համար։
Ի պատասխան՝ Չինաստանը հոկտեմբերի 14-ից սկսեց հատուկ նավահանգստային մաքսատուրք գանձել ամերիկյան նավերից։ Այն տարածվել է ԱՄՆ-ի ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող նավերի վրա, ինչպես նաև այն նավերի վրա, որոնք նավարկում էին ամերիկյան դրոշի ներքո կամ կառուցվել էին Միացյալ Նահանգներում։ Չինաստանի տրանսպորտի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այս միջոցառումները պատասխան քայլ են դարձել Վաշինգտոնի կողմից չինական նավերի համար սահմանված նավահանգստային տուրքերին։

