Ժամանակը սպառվում է. Դեռ ինչքա՞ն անհրաժեշտ կլինի, որպեսզի խոստացված ներդրումները կատարվեն

Ղարաբաղյան պատերազմի ծանր պարտությունից հետո, երբ իշխանության դիրքերը սկսել էին սասանվել, Նիկոլ Փաշինյանին  սատարելու, քաղաքական աջակցություն ցույց տալու ու ժողովրդին փողով սիրաշահելու համար, դեռևս 2021թ., Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին առաջիկա 5 տարիներին Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրելու մասին։

Խոստացված 2.6 միլիարդի ներդրումները, եթե, իհարկե, դրանք կարելի էր ներդրում համարել, որովհետև խոսքը հիմնականում վարկերի մասին էր, պիտի կատարվեին մինչև այս տարվա վերջ։ Մի քանի ամսից ավարտվում է նախատեսված միլիարդների ներդրման ժամկետը, բայց ոչ մեկը չի ուզում ասել, թե այդ խոստումը որքանո՞վ է կատարվել, մինչև հիմա Եվրամիության խոստացած գումարներից ինչքա՞ն ներդրումներ են իրականացվել։

Դրա փոխարեն, օրերս Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, թե 2021թ. ստանձնած հանձնառության վերջնարդյունքում ԵՄ կողմից Հայաստանում արվող ներդրումները կհասնեն 2.5 մլրդ եվրոյի։ Ոչինչ, որ 100 միլիոնով գումարը կրճատվեց, հայտնի էլ չէ, թե ի վերջո ե՞րբ են կատարվելու այդ ներդրումները, և ե՞րբ է այն վերջնաժամկետը, որի մասին խոսում է դեսպանը՝ գուցե 5 կամ 10 տարի հետո։

Այլևս պարզ է, որ մինչև տարեվերջ ԵՄ-ն չի կատարի խոստումը։ Մինչև հիմա խոստացված 2.6 միլիարդից շոշափելի ներդրումներ չեն կատարվել։ Վարկերով Երևանի համար 87 MAN մակնիշի ավտոբուսներ են բերվել։ Վարկով մի քանի տասնյակ մանկապարտեզներ են վերանորոգվել, էներգախնայողության հետ կապված միջոցառումներ են իրականացվել։ Սյունիքում են որոշ ծրագրեր արել։ Բայց բոլոր դեպքերում, խոսքը 2.5 կամ 2.6 միլիարդի մեջ՝ չնչին գումարների մասին է։ Դրանք ոչ մեծ ծրագրեր են։

Կարդացեք նաև

Այնինչ՝ բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրականացվեին այդ գումարների շրջանակներում, նույնիսկ չեն էլ սկսվել։ Եվրամիության դեսպանն ինքն էլ խոստովանում է, որ այդ ծրագրերի մի մասը դեռևս նախապատրաստման փուլում են։

«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս  նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում»,- ասում է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դժվար չէ պատկերացնել, թե ծրագրերը, որոնք դեռևս նախապատրաստական փուլում են, երբ կարող են սկսվել, առավել ևս՝ երբ կարող են ավարտվել։ Հատկապես որ, խոսքը երբեմն այնպիսի ծրագրերի մասին է, որոնց իրականացումը տարիներ է պահանջելու։ Եթե, իհարկե, դրանք հասնեն իրականացման փուլին։

Այս գումարների շրջանակներում պիտի կառուցվեր նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր գիծը։ Եթե համարենք, որ ԵՄ աջակցության ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 2021-2026թթ., տրամաբանորեն այս տարվա վերջին գծի կառուցումը պիտի ավարտված լիներ։ Այնինչ՝ մինչև հիմա նույնիսկ շինարարությունն իրականացնող ընտրված ընկերություն կամ ընկերություններ չկան։ Գծի կառուցման համար հայտարարավող մրցույթներն այդպես էլ չեն կայանում։

Զավեշտն այն է, որ դեռ մինչև Հայաստանում իշխանության զավթումը, նախկիններն արդեն հասցրել էին ընտրել գծի կառուցման խորհրդատու ընկերությանը ու պատրաստվում էին մրցույթ հայտարարել նաև կապալառուի ընտրության համար։ 7-8 տարում չեն կարողանում մի հատ կապառալու ընկերություն գտնել, որը պիտի զբաղվի այս գծի կառուցումով։

Մյուս զավեշտն էլ այն է, որ Եվրամիության աջակցության շրջանակներում նախատեսվող այս ծրագրի ֆինանսական խնդիրները նախկինները վաղուց լուծել էին, համաձայնագրերն առաջին փուլի համար ստորագրված էին։ Դրանք հավաքել են մի տեղ ու ներկայացնում են ԵՄ աջակցության ծրագրերի տեսքով։

7-8 տարի ծրագրի իրականացումը հետաձգել են, այսօր էլ հայտնի չէ, թե այն ընդհանրապես երբ կարող է մեկնարկել։ Ու դրա հետևանքով ֆինանսական լուրջ վնասներ են հասցրել երկրին։ Այսօր այդ նույն աշխատանքների իրականացումը, թանկացումների հետևանքով, անհամեմատ ավելի մեծ միջոցներ է պահանջելու։ Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոնների մասին է։

Եթե ժամանակին կարողանային իրականացնել այդ ծրագիրը, ստիպված չէինք լինելու լրացուցիչ վարկեր վերցնել ու ծանրաբեռնել պետական պարտքը։

Դեռ չենք խոսում այն տնտեսական ու աշխարհաքաղաքական կորուստների մասին, որոնք իշխանության անկարողության պատճառով Հայաստանը կրում է էլեկտրագիծը ժամանակին չկառուցելու ու շահագործման չհանձնելու հետևանքով։ Այդ գիծը պիտի դառնար Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի կարևոր հատվածներից մեկը, որով պիտի Հայաստանը հնարավորություն ստանար լինել տարածաշրջանային հանգույց։ Այնքան ձգձգեցին, որ այդ նպատակը կորցրեց իր իմաստը։ Ուրիշները շատ արագ վերցրեցին նախաձեռնությունը, ու հիմա նույնիսկ հարց է, թե ինչքանո՞վ են արդարացված լինելու դրա արդյունքները։

ԵՄ ֆինանսական աջակցության 2.6 մլրդ եվրոյից 600 միլիոնն էլ պետք է տրամադրվեր Հյուսիս-Հարավ մայուղու դեռևս չկառուցված հատվածների, նաև Սիսիան-Քաջարան ճանապարհի ու թունելի կառուցման համար։

Սիսիան-Քաջարան ճանապարհի ու թունելի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Նախատեսում են սկսել հաջորդ տարի, սկսելուց հետո էլ, տարիներ կպահանջվի դրանք ավարտին հասցնելու համար։ Պատկերացնելու համար ասենք, որ Քաջարանի 2 թունելների անցկացման հնարավոր ժամկետը 6 տարի է։ Այս դեպքում էլ, անշուշտ, որքան երկար են ձգվում աշխատանքները, այնքան ֆինանսական պահանջներն ավելանում են, ավելի մեծ քանակությամբ վարկային միջոցների անհրաժեշտություն է առաջանում՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Եվրամիության խոստացած 2.6 միլիարդը տարբեր ֆինանսական կառույցներից տրամադրվող գումարներ են, որոնք միավորել են մի զամբյուղում՝ տպավորություն ստեղծելով, թե ԵՄ-ն մեծ հոգատարություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։

Ներդրումները, որոնց մասին խոսում են՝ հիմնականում վարկեր են, երբեմն էլ՝ բարձր տոկոսներով ու առևտրայինին մոտ վարկեր, որոնք գալիս են ծանրաբեռնելու պետական պարտքը։

Դրանով իրականում երկիրն ավելի խորն են թաղում պարտքերի մեջ, մեծացնում կախվածությունն այլ երկրներից ու ֆինանսական կառույցներից։ Այսօր էլ այդ կախվածությունը չափազանց մեծ է, բայց վաղն ավելի է մեծանալու։ Առանց այդ էլ՝ այս իշխանություններն արդեն այնքան պարտքեր են արել, որ պետական բյուջեի եկամուտների 12-13 տոկոսը հազիվ է բավականացնում պարտքերի միայն տոկոսները փակելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս