
Պետությունը միջամտել է ԶՊՄԿ-ի բաժնետերերի գործերին՝ «մտնեմ, վերցնեմ ու պետականացնեմ» շղթայով․ Արամ Օրբելյան

«Վոլնորթը» ներկայացրել է բովանդակային հայցադիմում, որում հստակ արձանագրել է հայ-կիպրական երկկողմանի ներդրումների պաշտպանության պայմանագրի մի շարք խախտումներ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Վոլնորթ Լիմիթեդ»-ի կողմից Հայաստանին ներկայացված փոխհատուցման պահանջին՝ նշեց Walnort Finance Ltd․-ի իրավաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ «Վոլնորթը» Հայաստանից պահանջում է 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար փոխհատուցում՝ ապօրինի միջամտության և կրած վնասի համար։
«Վոլնորթի»՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքը, ըստ ներկայացուցիչների, հիմնավորում է, որ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի համար։
«2025 թվականի սեպտեմբերի 25-ին «Վոլնորթ Լիմիթեդ» (Walnort Finance Ltd.) ընկերությունը (այսուհետ՝ «Վոլնորթ») ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իր ազդեցիկ և համոզիչ դիմումում «Վոլնորթը» հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիատ ՓԲԸ (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ նկատառմամբ, որ Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։
Ի դեպ, նշվում է, որ ընկերությունը նաև ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին հայտարարություններին հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքը Արդյունաբերական ընկերությանը, ապա նաև՝ 15 տոկոսի նվիրաբերումը Կառավարությանը։
Փաստաբան Արամ Օրբելյանը թեմայի առնչությամբ 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց․
«Մենք հայցադիմումն արդեն մուտք ենք արել դատարան․ այժմ կառավարությունը պետք է ներկայացնի պատասխան։ 2027-ին սպասվում են լսումները․ ժամանակագրական առումով երկար պրոցես է։
«Վոլնորթը» այս հայցադիմումում ներկայացրել է հիմնավորումներ ու ապացույցներ, որոնք վերաբերում են առնվազն 2 հիմնական մեծ փաթեթ իրավունքներին:
Առաջինը՝ հայ-կիպրոսական պայմանագիրը, նախատեսում է, որ ամեն երկրի ներդրող մյուս երկրի տարածքում պետք է ունենա արդարացի և հավասար վերաբերմունք, ինչը ենթադրում է, որ ներդրումների նկատմամբ կամայական ինչ-որ ապօրինի գործողություններ պետք է չլինեն։
Այնինչ, մենք հստակ ցույց ենք տվել, որ 2021 թվականին (երբ Փաշինյանը՝ մուրճը ձեռքին, ասում էր՝ հետ ենք բերելու, ու վերջերս էլ, թերևս, վերահաստատեց, մուրճով է հետ բերել), պետությունը միջամտել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերի գործերին։ Ըստ էության, ստիպել է վաճառել բաժնետոմսերը «Промышленная компания» կոչվող կազմակերպությանը, որն էլ անմիջապես 15 տոկոսը նվիրել է պետությանը։ Դրանից հետո շարունակել է գործընթացը մյուս բաժնետիրոջ նկատմամբ՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի, որից հետո պետության բաժնետոմսերը դարձել են մոտ 22 տոկոս։
Դրանից հետո ինչ-որ արհեստական քրեական գործով, արհեստական սնանկության վարույթներով, ընդ որում, դրանք ուղղակիորեն հակասում են ձևավորված պրակտիկային, կասեցրել է «Վոլնորթ»-ի 12․5 տոկոսի կառավարման հնարավորությունը։ Արդյունքում, այս պահին կա արբիտրաժային գործընթաց, որով 1․5 միլիարդ դոլար է պահանջում ընկերությունը (այս թիվը կարող է ավելանալ)»,- ասաց Օրբելյանը։
Մեր հարցին՝ երկար ժամկետներ ենթադրող այս պրոցեսի ընթացքում արբիտրաժային դատարանը հնարավորություն ունի՞ միջանկյալ ինչ-որ լուծում կիրարկել, «Վոլնորթի» իրավաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը չբացառեց, որ ինչ-որ փուլում նման անհրաժեշտություն առաջանա։
«Բայց այս պահին միջանկյալ որևէ պահանջ չի ներկայացվել»,- նկատեց նա։
Ըստ Արամ Օրբելյանի՝ պետությունը հնարավորություն ուներ փորձել բանակցել, հաշտության գալ, լուծումներ գտնել, մինչդեռ, այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը պետբյուջեից բավականին մեծ թիվ՝ 2-3 միլիոն դոլարի չափով պետք է վճարի իրավաբանական ընկերությանը՝ իր շահերը պաշտպանելու համար։
Փաստաբանի դիտարկմամբ՝ նման վեճերի պատճառով, ի թիվս այլ հետևանքների, Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրն է խաթարվում։
«Սա ռեալ խնդիր է․ ներդրողները, տեսնելով, որ պետությունը կամայականորեն, ուղղակի զրկում է ներդրողին իր ներդրման բարիքներից, սկսում են արդեն մտածել՝ արժե՞ ներդրում անել։ Նրանք, ովքեր հետևում են արբիտրաժներին և ովքեր ներդրումային միջավայրն են վերլուծում, բավականին ուշադիր նայում են, սա հետագայում ներդրումների գործընթացների տեսակետից նույնպես խնդրահարույց է։
Առհասարակ, բավականին լուրջ իրավիճակ է, քանի որ սա միակ գործը չէ այս համատեքստում․ ըստ էության, Հայաստանի դեմ՝ ներդրումների պաշտպանության ոլորտում առնվազն մի քանի ակտիվ գործեր կան»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով «Ամուլսարին», «Սանիտեկին», Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) առնչվող վեճերը։
Հստակեցմանը՝ վերջին մի քանի տարիների՞ն են առնչվում խոշոր գործերը, փաստաբանն արձագանքեց․
«Հայաստանը ներդրումային գործեր ունեցել է, ունեցել է նաև պայմանագրային վեճեր՝ 90-ականներից սկսած, բայց այդ գործերից ոչ մեկում չեն եղել «բռնի կերպով մտնեմ, վերցնեմ ու պետականացնեմ», կամ՝ «լավ եմ անում՝ պետականացնում եմ» ձևակերպումները»,- ասաց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, 2021թ. հոկտեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 15 տոկոսի սեփականատեր․ հայտարարվեց, որ պետությունն այն նվեր է ստացել «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, որը ԶՊՄԿ-ի բաժնետերերից է և պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին։
«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»,- Կառավարությանն արված նվերն այսպես էր բացատրել վերջինիս տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն։
2022թ. օգոստոսին Կառավարությունը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերից ևս 6.875 տոկոս նվիրատվություն է ստացել․ այդ անգամ նվիրողը ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերն էր՝ «ԱՄՓ» հոլդինգ ՍՊ ընկերությունը։
Պետության բաժնեմասը դարձավ մոտ 21.9 տոկոս։ Այն սկզբում հավատարմագրային կառավարման էր հանձնվել այժմ արդեն հայտնի կոռուպցիոն սխեմաների մեջ խրված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությանը (ԱՆԻՖ), իսկ ամիսներ անց՝ կառավարումն ԱՆԻՖ-ից անցավ Պետական գույքի կառավարման կոմիտեին։