
Տգիտության ու անբարոյականության հարվածների վերքերը բուժել է պետք գիտելիքով և առաքինությամբ. Տարոն Սիմոնյան

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Քանի դեռ հայ հանրությանն անգիտակից հուզականությունը չդառնա գիտակցված, այն կառավարելու է հանրային ու պետական կյանքը, իսկ մենք դա անվանելու ենք ճակատագիր, բախտ՝ հայի բախտ։
Ընդհանրապես, կյանքը «խոսում է» մեզ հետ իրադարձությունների միջոցով՝ ցույց տալով այն, ինչ մենք ինքներս մեր մեջ համարձակություն չունենք տեսնելու։ Իսկ դրանք շատ ցավոտ են։
Օրինակ. մեր մեջի ատելությունն ու վախերը, տգիտությունն ու թուլակամությունը միախառնվում են և ձևավորում միջակության իշխանություն, որն իր թշնամի է կարգում մեր մեջի երազանքին ու քաջությանը, առաքինությանն ու գիտելիքին՝ ստիպելով հրաժարվել պայքարելու կամքից և հարմարվել ստրուկի բարոյականությանը, իսկ մենք դա ինքնախաբեությամբ անվանում ենք՝ խաղաղություն …
Այն քաոսը, ձախողումների ու պարտությունների շղթան, ինքնության հիմքերի վրա տարերային հարձակումները, որ ամեն օր տագնապ են ներարկում հայ հանրության մեջ, ոչ թե պատահականություն են կամ մեկ անձի կամ խմբի խելագարության արդյունք, այլ մանրամասն կազմակերպված և նպատակային գործընթաց, որ հաճախ դրա դերակատարների կամքից անկախ քայլ առ քայլ բացահայտում է, դուրս է բերում ախտորոշումը՝ այն հիմնական խնդիրների ամբողջությունը, որ հանրությունը չի ցանկացել գիտակցել, երբ, առանց դրանք լուծելու, շտապել է առաջ։
Հիմա դրանք դուրս են գալիս մակերես խելագարների, մոլագարների, հանցագործների և պարզապես նրանց բղավոցին տրված հարմարվողականների ինքնաոչնչացման վարքում։
Երբ այս ամենը գիտակցում է հանրությունը կամ առնվազն դրա ընտրանին, ամեն տառապանքի մեջ նոր ծնունդ է երևում, իսկ ճգնաժամը՝ բեկում է դառնում, որ ուղղորդում է դեպի նոր ազգային ամբողջականություն՝ ինքնագիտակցություն։
Իսկ երբ ախտորոշումը դառնում է գիտակցած, հանրային կյանքը դառնում է բուժման ճանապարհ, որովհետև այդ դեպքում հանրության կոլեկտիվ գիտակցության մեջ (մեր պարագայում) հայ ազգը ոչ թե պարզապես փորձում է գոյատևել՝ անվանելով դա՝ կյանք, այլ հենց կյանքն է հոսում, օրինակ, հայ հանրության միջոցով՝ ապահովելով ինքնագիտակցման ավելի բարձր մակարդակ, որտեղ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նախկինի պես մեր խնդիրների ցավոտ հարվածներն են լինում չբուժված վերքերին, այլ դառնում են մեր ազատ կամքի արձագանքները։
Այստեղ է, որ հնարավորի սահմաններն ընդարձակվում են, որովհետև կյանքը «աշխատում է» այն ազգերի համար, ովքեր գիտակցում են, որ իրենք են կյանքի հոսանքը և ոչ թե պարզապես մի հանրություն, ում հետ «պատահում է կյանքը» …
Հ.Գ.
Ի՞նչ եմ ուզում ասել… Հասունանալ է պետք…
Տգիտության ու անբարոյականության հարվածների վերքերը բուժել է պետք գիտելիքով և առաքինությամբ, ԳԻՏԵԼԻՔՈՎ և ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԵԼԻՔՈՎ և ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ …»: