
Իշխանությունները փորձելու են 44-օրյա պատերազմի թեման կենտրոնացնել դատաիրավական համակարգում. Տիգրան Աբրահամյան

44-օրյային առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման հարցը դարձել է «կռվախնձոր» ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել ճշմարտացիությունը, ինչի հետևանքով, սակայն, ձգձգվում է զեկույցի թեկուզև փակ ձևաչափով ներկայացումը:
Իսկ այստեղ կա՞ արդյոք քաղաքական գործոն, կամ՝ որքանո՞վ է օրենսդիր մարմնի երկու պաշտոնյաների վեճը բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից, փորձեցիք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից:
«Ես կարծում եմ՝ եթե իշխանության առաջին դեմքի համար կարևոր լիներ այդ զեկույցը, ապա որևէ կերպ թույլ չէին տա՝ ժամկետների առումով այնքան ուշանար, որ իրավական առումով խնդիրներ ստեղծվեին: Այն, ինչ այսօր փորձում են որպես հակասություն ներկայացնել խորհրդարանի նախագահը և Քննիչ հանձնաժողովի նախագահը, միգուցե դա իր մեջ որոշակի խաղարկային բան է ներկայացնում: Որովհետև, մեծ առումով, իշխանության նպատակը 44-օրյա պատերազմի հետ կապված եղել է մեկը՝ քաղաքական իշխանությունից պատասխանատվությունն իջեցնել բանակի վրա:
Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ համապարփակ վերլուծությունը ցանկացած պարագայում հնարավորություն չէր տալու ամբողջապես քաղաքական պատասխանատվությունը թաքցնել կամ չքննել, այս պարագայում միգուցե խնդիր է առաջացնում զեկույցի նույնիսկ մասամբ հրապարակումը: Որովհետև կան հարցադրումներ, որոնց պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և այդ իշխանության ղեկավարը, որը պատասխանատվություն է կրում, օրինակ, ԶՈՒ-ն ժամանակին մարտական պատրաստության առաջին վիճակի բերելու, պատերազմը կանխելու, հնարավոր ռազմական գործողությունները պատշաճ դիմավորելու, մոբիլիզացիան իրականացնելու և այլն: Այսինքն, մեծ թվով հարցեր կան, որոնք անմիջապես առնչվում են քաղաքական իշխանությանը, ուստի ամբողջությամբ բանակի վրա պատասխանատվությունը բարդել հնարավոր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, իշխանությունները փորձելու են 44-օրյա պատերազմի թեման կենտրոնացնել դատաիրավական համակարգում, որտեղ քաղաքական հանձնարարությամբ աշխատող դատավորների՝ տարբեր զինվորականների նկատմամբ դատավճիռներ կան, և հանրության մոտ քարոզչական առումով տպավորություն կստեղծվի, որ պատասխանատուները դատվողներն են կամ դատապարտվողները, և դրանով հնարավոր կլինի պրոցեսը հեռացնել քաղաքական իշխանությունից:
«Համենայնդեպս, իշխանությունն իր համար կարևոր ուղղություններ է որոշել, այդ որոշումներում, բնականաբար, ցուցմունքներ են լինում, և ազատազրկվում են միայն զինվորականները: Եվ հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, որ եղած տարբեր դրվագները և հանգամանքները բացառապես զինվորականության տիրույթում են, որոնք տարբեր դատարաններում մեղադրյալի աթոռին են»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը հարկ համարեց անդրադառնալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գիրք/հարցազրույցների շարքին:
«Վերջերս կարդացի Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցների շարքը, որը գրքի ձևով է հրապարակված, ճիշտ է՝ մեկ ընդհանուր գծով այդտեղ անցնում է նրա ինքնարդարացումը, և նա տարբեր դրվագներում փորձում է արդարացնել իր այս կամ այն գործողությունը, ինչ-որ տեղ ցույց տալով, որ մասնակից չի եղել պրոցեսին, ինչ-որ տեղ ցույց տալով, որ համաձայն չի եղել այս կամ այն որոշմանը:
Մյուս կողմից, այդ գրքում ուղղակի և անուղղակի ձևով կա թիվ մեկ պատասխանատուի մատնանշում, և դա Նիկոլ Փաշինյանն է: Եվ այս գնահատականում նախկին ենթակա նախարարը հաշվի է առել Փաշինյանի արտաքին, անվտանգային և ներքին քաղաքական կուրսը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը:
Ի դեպ, ադրբեջանական կողմը «Ցորի զորամասի» գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ ազատազրկման դատական որոշման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում և նկատում, որ ՊԲ նախկին հրամանատարը միակը չի լինելու այս առումով: