Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան
Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ, հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Այս մասին Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսի ժամանակ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը:
«Բարձրացրել ենք անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում: Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, ու այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի պրոցեսի առաջընթացը ավելի երաշխավորված լինի:
Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը: Գերիների և պահվող անձանց մասին հարցերը պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են: Մենք բանակցող կողմեր չենք ու այդ տրամաբանությամբ չենք աշխատում, օրակարգը որոշում ենք մենք՝ առանց երկու կողմերի Կառավարությունների միջամտության: Քննարկում ենք հիմնականում մեզ մտահոգող հարցերը, խաղաղության գործընթացի ճանապարհին խոչընդոտները, և հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել»,- նշել է նա:
Անդրադառնալով քննարկումների արդյունքում գրանցած առաջընթացին՝ Սուլթանյանը նշում է, գաղտնիք չէ, երկու հասարակություններն էլ իրենց ընկալումներն ունեն այս հարցի շուրջ:
Իր խոսքով՝ մի կողմի համար սա վրեժխնդրության մասին է, մյուս կողմի համար հանցագործություն և պատիժ տրամաբանության մեջ է:



