Փաշինյանն ազդեցության գործակալ է. Հովհաննես Ավետիսյան

64 կողմ ձայնով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներն այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ ընդունեցին, այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, կա ընդամենը նախաստորագրված խոստումների վերաբերյալ թուղթ։ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, չմասնակցեցին նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները կեղծ են, և իրենք չեն մասնակցի այդ օրակարգով նիստին։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց՝ ԱԺ հայտարարության նախագիծն «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»:

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային կառավարման մասնագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը, խոսելով ՔՊ-ի ընդունած հայտարարության մասին, նշեց՝ խաղաղության մասին խոսողները պետք է հիշեն՝ այն երբեք միակողմանի չի՛ լինում, իսկ մեր պարագայում միակողմանի է, որովհետև Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր պաշտպանական ծախսերը, տարածել հակահայկականություն։

Կարդացեք նաև

«Այս կողմն ինչ էլ հայտարարի, մենք Ադրբեջանի հետ խաղաղություն չունենք և չենք էլ ունենալու, որովհետև հակառակ կողմը շարունակում է պահել հայ գերիներ, շարունակում է տարածել հակահայկականություն, հետևապես՝ ՔՊ-ի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։

Նա առաջարկեց ՔՊ-ական կեղծ թեզերը դիտարկել Ադրբեջանի նախագահ Ալիևին քծնելու համատեքստում՝ նույն տրամաբանության մեջ դիտարկելով նաև Բագրատ և Միքայել սրբազանների դատավարությունները։

«Փաշինյանն այս գործողություններով Ալիևին ցույց է տալիս, որ՝ տե՛ս, ազգայնականներին իմ երկրում բանտարկում եմ»,- ասաց նա։

Խնդրի խորությունը և լրջությունը հասկանալու համար, ըստ Հովհաննես Ավետիսյանի, ընդդիմությունը պետք է գիտակցի, որ գործ ունի մի իշխանության հետ, որը ներդրված է Հայաստանում հատուկ առաքելությամբ, հետևապես՝ պետք է պայքարի համար օգտագործել այնպիսի գործիքակազմ, որն օգտագործել են՝ պայքարելով ներդրված իշխանական քարոզչաթեզերի դեմ։

«Փաշինյանն ազդեցության գործակալ է։ Հայաստանը դարձել է գործակալների գործունեության համար տարածք»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս