Բաժիններ՝

ՀՀ ավիացիան ճահճի մեջ է. «Արմավիայի» օդաչուները մեկնում են Ռուսաստան

«Արմավիա» ավիաընկերությունում արդեն մոտ 1 շաբաթ օդաչուների և տեխնիկական անձնակազմի աշխատանքից ազատման գործընթաց է գնում: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արդեն նախկին օդաչուներից մեկը, «Արմավիան» աշխատանքից արդեն ազատել է բոլոր 30 օդաչուներին, թեև մինչ օրս չի վճարել 5 ամսվա աշխատավարձի կուտակված պարտքը: Ավիաընկերությունում չեն հրաժարվել օդաչուներին վճարել, սակայն պարտքերի մարման ժամկետներ էլ չեն նշել:

 

Մեր զրուցակիցը հայտնեց, որ օդաչուների մեծ մասը պայմանագրեր է կնքել ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերության հետ. «Ում հաջողվել է երկարատև պայմանագրեր կնքել, նրանք ընտանիքներով են հեռանում Հայաստանից, իսկ ում պայմանագիրը կարճատև է, նրանք ընտանիքները թողնում են այստեղ»:

 

Կարդացեք նաև

«Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չէին պատասխանում: Մոտ 1 ամիս առաջ ավիաընկերությունը Հանրային խորհրդին ներկայացրեց առողջացման ծրագիր, որը ՀԽ-ն ուղարկել է ՀՀ կառավարություն, սակայն մինչ օրս որևէ պատասխան կամ հստակեցում չի եղել, թե արդյո՞ք «Արմավիայի» առաջարկներն ընդունելի են: Փոխարենը, հիշեցնենք, որ կառավարությունը՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության՝ օդի հարկի 10 հազար դրամ գանձումների հետ կապված: Սա նշանակում է, որ «Արմավիային» այլևս հնարավորություն չի տրվի ոտքի կանգնելու:

 

ՀՀ-ում միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու դեսպաններ պարբերաբար արտահայտվում են ՀՀ օդային տարածքի ազատականացման օգտին: Այդ մտքին է հակված նաև իշխանավորների մի մասը: Այսպես թե այնպես, Հայաստանի ավիացիոն շուկան «անտեր» է մնացել: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության ջանքերը՝ «Արմավիայի» համար գնորդ կամ շուկայի նոր խաղորդ գտնելու ուղղությամբ, ապարդյուն անցան: Վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մինչ օրս ոչ մի ավիաընկերություն, այդ թվում՝ իր մասին վերջերս հայտարարած «Կռունկ էյրը», չի դիմել իրենց՝ Հայաստանից օդանավ շահագործողի վկայական ստանալու համար: Միայն կանադական KNM aviation խորհրդատվական ընկերությունն է նամակով դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ առաջարկելով իր ծառայություններն ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու համար:

 

Որոշ փորձագիտական գնահատականներով՝ ՀՀ իշխանությունը միտումնավոր չի հստակեցնում իրավիճակը՝ բոլոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու թույլտվությունները «մանրածախ» ձևով վաճառելու համար: Եթե «Արմավիան» բոլոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար տարեկան վճարում էր մոտ 1 մլն դոլար, ապա, շուկայի օրենքների համաձայն՝ «մանրածախ» վաճառքի դեպքում մոտ կրկնակի ավելի գումար կկարողանան վաստակել: Իսկ ՀՀ քաղաքացիներին այս իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում, միայն՝ ավիատոմսերի գների հետագա բարձրացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս