
Մեր թիմում կա 5-6 ֆավորիտ վարչապետի թեկնածու, բայց մանդատս ոչ ոքի չեմ արտապատվիրակի. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Չորրորդ Հանրապետությունն արդեն հաստատված է»,- այս մասին այսօր ՔՊ համագումարից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է ՀՀ Երրորդ Հանրապետությունը խանգարում նրան, Փաշինյանն ասաց, որ Երրորդ Հանրապետությունը ՀՀ հանրապետությունն է, մեր ժառանգությունը, մեր ինքնության մի մասը։ «Բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում։ Եթե նշելու լինեինք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից թերևս առաջնայինը կուզեի նշել խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ Չորրորդ Հանրապետությունը հաստատված է, այն հաստատված է խաղաղությամբ, Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ, ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով։
«Նոր սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու, որովհետև ես ուզում եմ նշել էական տարբերությունները՝ ԵՄ անդամագրմանն ուղղված քայլերի ակտիվացումը, այդ ամենի առանցքում խաղաղությունն է և նոր քաղաքական բովանդակությունը, որը ձևակերպված է իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է, այսօր բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա և մեր առաջիկա անելիքները ցանկանում ենք ձևակերպել այնպես, որ այդ փաստը դառնա նաև ձևակերպված իրականություն։ Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Չորրորդ Հանրապետության հեղինակը ժողովուրդն է, մենք չենք։ Մենք Չորրորդ Հանրապետությունը ձևակերպողներն ենք միայն, ինչպես ես ասացի, ՀՀ գերդաստանների սնուցող մայրերին լսելով և նրանց թիկունքում կանգնած նահապետ հայրերի լռածը լսելով։ Դա համակարգային աշխատանք է, մենք փորձել ենք հռչակագրում ընդհանուր գծերով մի քանի կետեր նշել։ Ավելի լայն համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունն ամբողջությամբ դրա մասին է»,- նշեց Փաշինյանը։
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասաց, որ իր որոշ գործընկերներ խոսում են Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի մասին։ Նրա որակմամբ, ունեն որոշակի հիմնավորումներ նման պնդում անելու համար, ռուսական որոշ հեռուստաալիքներ կամ առանձին վերցրած բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են։ Բայց Փաշինյանը նաև ասաց, որ ինքը հայ-ռուսական հարաբերություններն այդ տրամաբանությամբ չի դիտարկում, հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր է գնահատում ու այդ մասին նույնիսկ միջազգային գործընկերներին է ասում։
«Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը, որը մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, և շատ կարևոր է, նաև ՌԴ Կառավարության խորհրդի նախագահի հետ։ Եվ այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ կշարունակենք առաջնորդվել։ Ես կարծում եմ՝ տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար է, կարևոր է և շատ կառուցողական, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։ Եվ իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրների, որ թվում է, թե կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ենք լուծումներ, գտնում ենք և կգտնենք լուծումներ։ Սրա համար շատ էական է անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ։ Ես և մենք կենտրոնանալու ենք դրականի վրա՝ փորձելով զարգացնել դրականը»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով ներքաղաքական իրավիճակից և նախընտրական հարցերից՝ նա նշեց, որ իրենց թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ՝ 5-6 ֆավորիտներ: «Մենք ունենք ժողովրդի քվեն, մենք ունենք ժողովրդից ստացած մանդատը, և ես, որպես մարդ, ով վարչապետ է դարձել ժողովրդի ուղիղ ընտրությամբ, իհարկե, թիմի հետ և թիմի աջակցությամբ՝ ժողովրդից ստացած մանդատը, բացառվում է, անտեր չեմ թողնի, նույնիսկ չեմ թողնի, չեմ կարող արտապատվիրակել, նույնիսկ շատ վստահելի մարդկանց»,- նշեց նա՝ հավելելով՝ իր թիմակիցներին կարտապատվիրակի այն ժամանակ, երբ լինի քաղաքական նախապայման։ Սակայն, ըստ նրա, ինքը չէ արտապատվիրակողը, այլ ժողովուրդն ու կուսակցությունը:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տվել երկու անգամ: Ինչո՞ւ, որ կուսակցությունն էլ ընտրություն ունենա, ժողովուրդն էլ: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Ես ժողովրդի արած ընտրությունը քամահրանքի չեմ ենթարկի, դա բացառվում է»,- ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով, թե հեշտ չի եղել այս ամենի միջով անցնել, սակայն ստանձնել է պատասխանատվություն, ուստի պետք է մինչև վերջ տանի:
«Ես շատ լավատես եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որովհետև իմ ներշնչանքի արդյունքը ոչ թե սոցիոլոգիական հարցումներն են, այլ ժողովուրդը, որոնց հետ ունենք օրգանական կապ, մենք պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ և զգում ենք նրա զայրույթն էլ, հիասթափությունն էլ, նրա պատգամներն ենք զգում, և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։
Ավելին՝ 168TV-ի տեսանյութում։