
«Պլանավորում ենք անցնցում գործողություններ. ՔՊ պատգամավորներին առաջարկ ունենք». Հենրիխ Դանիելյան
«Արցախի հետ չէր կարելի այդպես վարվել. այն դարպաս էր, որը պաշտպանում էր հայ զինվորը, որպեսզի թույլ չտա պանթուրքիզմի գաղափարի իրականացումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ շեշտելով, որ պարզ ճշմարտություն է՝ Արցախը հանձնելով՝ խաղաղություն չի բերվել, և, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն իրենց հերթին խաղաղություն չեն բերել:
«Հայկ Կոնջորյանն ասում է՝ այս ընդդիմությունը մնացել է նախնադարում, այսինքն՝ երբ ասում ես, որ Արցախը հայկական պետք է լինի, որ Եկեղեցին չի կարելի թիրախավորել, որ քրիստոնեությունը կարևոր արժեք է, որ մեր ինքնությունը, Ցեղասպանությունը, պատմական հիշողությունը պետք չէ ուրանալ, այս ամենն իրենց համար հետամնացություն է: Նորաձևն իրենց համար Արցախից հրաժարվելն է, էն է, որ ասես՝ 200 քառակուսի կիլոմետր հող է պե՞տք՝ եկեք, վերցրեք: Դա է իրենց նորաձևը: Մենք ասում ենք՝ տղերք, չի կարելի այդպես անել, սա մեր հողն է, մեր օջախն է, մեր ընտանիքն է, տունն է, չի կարելի հողը հանձնել աջուձախ, իրենք ասում են՝ դուք ռազմատենչ ռևանշիստներ եք: Ալիևի և իրենց թեզերը՝ մեզ հետ կապված, նույնն են: Ի՞նչ է ասում Ալիևը ՀՀ նախկին իշխանությունների մասին, որ չի ասում Նիկոլ Փաշինյանը: Սրա մեջ է պետք տրամաբանություն փնտրել: Խնդիրն այն է, որ ընդդիմության մասին իշխանության և Ադրբեջանի կարծիքը նույնն է»,- նշեց նա:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կա մի ճանապարհ. «Իմպիչմենտը հույս է, որ ՀՀ-ն դեմոկրատական ճանապարհով կարող է իշխանություն փոխել: Դա միակ հնարավոր ճանապարհն է»:
Նա նշեց, որ ՔՊ պատգամավորներին այլընտրանք են առաջարկում. «Մենք Հայաստանն ենք սիրում և պլանավորում ենք անել անցնցում գործողություններ: Մենք ցույց ենք տվել գործով, որ արյունահեղություն թույլ չենք տվել 2018-ին: Պետք է պաշտպանության փաթեթ ներկայացնենք. ՔՊ պատգամավորների վրա ոչ թե պետք է ճնշում գործադրել, այլ հակառակը՝ բերել պաշտպանության փաթեթի մեջ ներառել, մարդասիրական միջանցք բացել, որ 100 տոկոս իմանան՝ իրենց ընտանիքին, երեխեքին և անձամբ իրենց ոչ ոք ոչինչ չի ասելու:
Նիկոլ Փաշինյանի վեջը չէ՝ ում նստեցնի: ՔՊ-ի պատգամավորները կարո՞ղ է իր համար ավելի բարդ պրոբլեմ են, քան, ասենք, Սամվել Կարապետյանին կամ Սրբազաններին կալանավորելը, Աշոտյանին 2.5 տարի բանտում պահելը: Նա կհայտարարի, որ ՔՊ պատգամավորները կոռուպցիոներներ են, կամ, ասենք՝ 5 հոգով տեռորիստական ակտ էին որոշել իրականացնել, կտանի կնստացնի, մյուսներին էլ կասեն՝ էս էիք ուզո՞ւմ: Մենք առաջարկում ենք իմպիչմենտի փաթեթ, որը ժողովրդին հնարավորություն կտա գալ և միանալ այս պրոցեսին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում