Իշխանությունը բոլոր կորուստները «վարդագույն քողի» տակ ներկայացնում է՝ որպես ձեռքբերում. Դավիթ Շահնազարյան

«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով գրեթե ամեն օր շփվում է վարդենիսցիների հետ՝ վստահեցնում է, որ գրեթե բոլորի մոտ անորոշություն է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի» և առհասարակ դրան առնչվող գործընթացների շուրջ։

Ասում է՝ սովորական բնակիչների հետ պետք է աշխատանք տարվի, ներկայացվի իրականությունը, քանի որ ժողովուրդն ամենօրյա ռեժիմով լսում է միայն իշխանությունների քարոզչությունը, թե «նախաստորագրված այդ փաստաթուղթը Հայաստանին խաղաղություն է բերելու»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Գեղարքունիքում մարդկանց հետ բավարար չափով աշխատանքներ չեն տարվում՝ ավելի խորքային ներկայացնելու երկրում տիրող իրավիճակը, իսկ իշխանությունը բոլոր կորուստները «վարդագույն քողի» տակ ներկայացնում է՝ որպես ձեռքբերում։

«Կարծում եմ՝ հայ հանրության հետ բավականին ծավալուն աշխատանքներ պետք է տարվեն, և այդ աշխատանքը պետք է տանեն այն ուժերը, որոնք ազգային են, մտահոգված են Հայաստանի ապագայի համար։ Անկախ փորձագետները ևս պետք է աշխատանքներ իրականացնեն և ամենօրյա ռեժիմով»,- 168.am հետ զրույցում ասաց ասաց Դավիթ Շահնազարյանը։

Կարդացեք նաև

Նա վստահ է՝ Ճանապարհ ասվածի բացելը, «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումն իրավական չէ, այդ փաստաթուղթը չի կարող համարվել իրավական փաստաթուղթ. այն ընդամենը նպատակների վերաբերյալ դեկլարատիվ բնույթ կրող թուղթ է։

«Թե ինչ կստորագրեն, չեմ կարող ասել, քանի որ պետությունների միջև փաստաթղթեր են համարվում միջպետական պայմանագրերը։ Այս դեպքում ես միջպետական պայմանագիր չեմ տեսնում, առավել ևս՝ «Թրամփի ուղի» շահարկվածը, որովհետև Թրամփի ստորագրությունը միայն վկայի կարգավիճակ է սահմանում Թրամփի համար։

Ադրբեջանի նախագահն ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «միջանցք» տերմինը, որն անգամ այդ դեկլարատիվ փաստաթղթի շրջանակներում չի տեղավորվում, հետևաբար՝ խոսել, թե սա մեծ հաղթանակ է և ձեռքբերում ՀՀ իշխանությունների կողմից՝ նպատակահարմար չէ։ Այստեղ դիվանագիտական ու քաղաքական շատ խութեր կան»,- նշեց նա։

Դավիթ Շահնազարյանը շեշտեց՝ եթե իշխանությունը խոսում է, որ Սյունիքով ճանապարհի կառավարումը կհանձնվի այլ երկրի, նշանակում է՝ մեծ վտանգ ստեղծել ՀՀ սուվերենության համար։ Ավելին՝ Հայաստանն այս ամենից որևէ տնտեսական օգուտ չի ունենալու, փոխարենը՝ ՀՀ տարածքի իրավական որոշակի հիմքեր է ստեղծվում, որպեսզի հետագայում այլ պետութուններ ևս ունենան նկրտումներ։

«Ստացվում է, որ ՀՀ տարածքով հայկական բեռների անցման շահերի համար մտածում են բոլորը՝ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, բացի ՀՀ իշխանություններից։ Մեր տարածքի համար բոլորը բանակցում են, իրենց շահերն ու առաջնահերթություններն առաջ են տանում, բացի մեզանից, հետևաբար՝ լավ բաներ մի սպասեք։ Այստեղ հարց է առաջանում, եթե Հայաստանի իշխանությունը չի առաջնորդվում հայ ազգի ու երկրի շահերով, ապա ո՞ւմ շահերով է առաջնորդվում»,- հավելեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ մեր զրուցակցի, մինչև այս թղթի նախաստորագրումը, Նիկոլ Փաշինյանը պետք է նախապայման առաջ քաշեր, առաջնահերթ, որպեսզի վերադարձվեն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներն ու պատանդները։ Բացի այդ, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է գնար Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ այն Հայաստանի ձեռքբերումներից էր Արցախի հարցում։

«Մինսկի խմբի լուծարումը ցավոտ արձագանք է թողնելու հատկապես մեր գերիների հարցի առումով, հատկապես այն դեպքում, որ Բաքվում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Այսօր մենք ունենք գերիների, Արցախի, հայկական տարածքներն օկուպացիայից ազատելու, սահմանների հստակեցման խնդիրներ։ Մինչև այս պահն անհասկանալի է, թե Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծումն ի՞նչ քարտեզով են անում, գուցե «գուգլ» քարտեզո՞վ, որը, ի դեպ, ցանկացած պահի կարող է փոխվել»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի ուղղություններով  հարձակվեց Հայաստանի վրա՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում, դրանից հետո ՀՀ տարածքներից տարբեր հատվածներ անցան ադրբեջանական օկուպացիայի տակ,  այդ թվում՝ Ներքին Հանդի գերեզմանոցը։ Մինչև այս պահը ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ հայկական տարածքներում, որտեղ իրականացնում են ամրաշինական աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս