«Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք». Արտավազդ Եղոյանը՝ բանակի մասին
Բանակում օրեր առաջ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին ծնողներն ու հարազատները ցանկանում էին բերել մայրաքաղաք, սակայն Երևան-Սևան մայրուղում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հորդորեցին և դին ետ տարան զինվորի հայրենի գյուղ ու հուղարկավորեցին:
Այս տխուր դեպքի առիթով galatv.am-ը զրուցել է հանրահայտ լրագրող, տարիներ առաջ «3-րդ ալիք» հաղորդաշարի վարող Արտավազդ Եղոյանի հետ:
-Պարոն Եղոյան, հավատո՞ւմ եք բարձրաստիճան պաշտոնյաների խոստումներին, որ դեպքը մինչև վերջ կբացահայտվի ու մեղավորները կպատժվեն, թե՞ սա հերթական փափուկ բարձն է՝ ծնողների գլխի տակ:
-Ոչ: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում Սեյրան Օհանյանի անձին: Նրա նմանները քիչ են մեզանում: Սակայն հայտնվելով այս ապաշնորհ կառավարության շարքերում՝ ամենաազնիվն էլ կմեղանչեր: Սա կառավարություն չէ: Սա փորձանք է մեր գլխին: Կեղծիքի կծիկ: Կպատասխանեմ մի հարցով՝ իսկ որևէ բան բացահայտվե՞լ է լիարժեքորեն: Այժմ դատեք ինքներդ…
Չնայած՝ մենք էլ մեր մեղքը ունենք: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք: Խոսքս հասարակության մասին է: Բանակը, կառավարությունը հասարակության դեմքն են արտացոլում՝ իր ողջ «փայլով»: Ցավում եմ յուրաքանչյուր կործանված երիտասարդ կյանքի համար: Ապշած նստած եմ՝ հիշելով Կոմիտաս վարդապետի խոսքը՝ «ՍԻՐՏՍ ՓԼԱԾ Է»…
-Իսկ բանակում կատարվող այսքան շատ սպանությունները այս խաղաղ պայմաններո՞ւմ: Ինչքա՞ն պետք է սա շարունակվի:
-Մինչև մենք խելքի չգանք ու չզբաղվենք նոր հասարակության կրթմամբ հենց օրորոցից…