
Թրամփն ու Պուտինը Հարավային Կովկասում կոնսենսո՞ւս ունեն

Ալյասկայում տեղի ունեցավ տարվա գլխավոր միջազգային իրադարձություններից մեկը՝ հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ գրեթե երեք ժամ տևած հանդիպումն ավարտվել է կարճ, ջերմ հրապարակային հայտարարություններով, սակայն առանց հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի մասին հայտարարելու։
«Գործարք չի լինի, քանի դեռ համաձայնագիր չկա»,- ասել է Թրամփը։
Ըստ նրա՝ Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև հեռախոսազրույցը Զելենսկու և եվրոպական տարբեր առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շատ հարգված գլխավոր քարտուղարի հետ։
«Բոլորը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի պատերազմին վերջ տալու լավագույն միջոցն ուղղակիորեն խաղաղության համաձայնագիր կնքելն է, որը վերջ կդնի պատերազմին, այլ ոչ թե պարզապես հրադադարի համաձայնագիր, որը հաճախ չի կատարվում»,- գրել է Թրամփը հանդիպումից հետո արած գրառման մեջ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական՝ առանց բեկումների, ինչը կարելի էր սպասել։ Ըստ նրա, արդեն առաջընթաց է, որ չեղան կոշտ հայտարարություններ, և կողմերն ընդհանուր առմամբ ընդգծեցին, որ շարունակելու են խոսակցությունը։
«Հաշվի առնելով մինչ այս հանդիպումը Թրամփի վերջնագրերը, որ երկու րոպեում պարզ կլինի՝ կա՞ գործարք, թե՞ ոչ, այն, որ գործարքի բացակայության պայմաններում չեղան սուր հայտարարություններ, ցույց է տալիս որոշակի համաձայնությունների առկայություն, որոնք, սակայն, ամբողջական չեն։ Սա սպասելի էր ռուսական կողմի համար, սա առաջին ուղիղ շփումն էր, բոլոր համաձայնությունները կհայտարարվեն միայն ամբողջական համաձայնությունից հետո։ Շատերը կարծում էին, որ առաջին հանդիպումը հանգեցնելու է շրջադարձի, հրադադարի, սակայն դա միամտություն է, իրական բանակցությունները նոր են սկսվում, և հետագա հանդիպումները եռակողմ ձևաչափով պետք է ավելի արդյունավետ լինեն։ Հաշվի առնելով Ուկրաինայի դիրքավորումը՝ համաձայնությունը դժվար է կնքվելու»,- ասաց Սիմոնովը։
Նա գտնում է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են աշխարհաքաղաքական բոլոր հարցերը և ռեգիոնները։
«Այն կարծիքին եմ, որ ընդհանուր առմամբ ՌԴ-ԱՄՆ նախագահների միջև կա կոնսենսուս շատ հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Ամեն բան քննարկվել է այս ամիսների ընթացքում։ Սակայն գլխավոր առևտուրն ընթանում է Ուկրաինայի հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու շուրջ»,- ասաց Սիմոնովը։