Կոռուպցիան մերժողներիս տեսեք

Կոռուպցիան մերժող ՔՊ-ականներն իրենք են հայտնվել կոռուպցիայի կիզակետում։ Ու որպեսզի իրենց կոռուպցիան թաքցնեն՝ սկսել են ավելի բարձր գոռալ՝ «բռնեք գողին»։

Կրկին ասպարեզ են բերել նախկինների կոռուպցիոն գործարքների վերաբերյալ լեգենդները, որոնք ոչ միայն բազմիցս հերքվել են, այլև շատ դեպքերում չեն ստացել դատական հիմնավորում։

Հիշենք Սերժ Սարգսյանի հետ կապված դիզվառելիքի շինծու գործը, որով Երրորդ նախագահին մեղադրում էին գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման ծրագրով շուրջ կես միլիարդ դրամի հափշտակություն կատարելու մեջ։ Մեղադրում էին նրա համար, որ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Տարիներ շարունակ գործը քննելուց, թատրոն բեմադրելուց, տանել-բերելուց հետո, դատարանն արդարացման վճիռ կայացրեց։

Կարդացեք նաև

Իշխանությունների կամքը չկատարելու համար՝ 4 ամիս անց գործը քննող դատավորի լիազորությունները դադարեցրեցին։

Առաջիկա ընտրություններից առաջ՝ նախկինների «թալանով» հասարակությանը զբաղեցնելու համար, հիմա էլ նոր գործ են փորձում կարել Երրորդ նախագահի վրա։

Վերևից հրահանգավորված՝ համատեղ ուժերով հարձակվել են Երկրորդ նախագահի ու նրա ընտանիքի վրա, թալանի վերաբերյալ արդեն հազարերորդ անգամ հնչեցրած նախկին հայտարարություններն են հնչեցնում, որոնք այդպես էլ հայտարարություններից այն կողմ չեն անցնում։

7 տարվա իշխանությունը մինչև հիմա չի կարողացել դատական կարգով հիմնավորել տարիներ շարունակ իր հնչեցրած սկանդալային հայտարարությունները՝ նախկինների թալանի ու անօրինական ճանապարհով աստղաբաշխական ունեցվածք կուտակելու մասին։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում արված «բացահայտումներն» էլ, որոնք ներկայացնում են՝ որպես վերին աստիճանի ճշմարտություն, դեռ պետք է հիմնավորում ստանան դատական կարգով։ Քանի դեռ չեն ստացել, դրանք դատարկ խոսակցություններ են։ Բայց դա չի խանգարում ՔՊ-ականներին պարբերաբար ասպարեզ բերել այդ խոսակցություններն ու նախկինների թալանով շարունակել կերակրել քաղաքացիներին՝ իրենց թալանը թաքցնելու համար։

Մինչև հիմա ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում ընդամենը երկու տասնյակ գույք են վերադարձրել պետությանը, որոշ դեպքերում՝ ժամկետանց «ռենջ ռովերների» հնչեղ անվան տակ, որոնք ընդամենը մի քանի հազար դոլար արժեն։ Զարմանալի չէ, որ այդպես էլ մինչև հիմա չեն ասում, թե 7 տարում նախկինների «թալանը» հետ բերելու արդյունքում, ինչքա՞ն գումար է ստացել պետական բյուջեն։

Այդ թիվն իշխանությունները խնամքով թաքցնում են։ Փոխարենը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դեռևս հետ չբերած «թալանի» նկարած միլիարդներն են պարբերաբար շրջանառում, որոնք, մեծ հարց է, թե որքանով կվերադարձվեն։ Վերադարձվելուց հետո էլ հայտնի չէ, թե ի՞նչ ճակատագիր կունենան։

Մինչև հիմա տարբեր ճանապարհներով հետ բերված գույքերի ապագան ցույց է տալիս, որ շատ հաճախ դրանց իրական արժեքներն անհամեմատ ավելի փոքր են, քան այն գինը, որն «ապօրինի գույքի» անվան տակ դրել են դրանց վրա՝ ճոխացնելու նախկինների «թալանը»։ Շատ հաճախ այդ գույքերը նախնական գնահատումից էապես ավելի ցածր գներով են իրացնում։

Հիշենք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, որը Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը «նվիրաբերեց» պետությանը։ Հյուրանոցն ի սկզբանե գնահատել էին 7,5 մլրդ դրամ։ Սպասումներ էին ձևավորել, որ պետությունը նախկիններից այդքան գումար է հետ բերել միայն այդ գույքի վերադարձի արդյունքում։ 2,5 տարի հետո վաճառեցին 5 մլրդ դրամով, այն էլ, ինչպես ընդունված է ասել՝ «փակովի» տարբերակով։

Պետությունը մեկ երրորդով ավելի քիչ գումար ստացավ, քան հաշվարկել էին, որ պիտի ստանա։

Շատ ավելի հնչեղ հարց է, թե ո՞ւմ է անցնում նախկիններից վերադարձվող «ապօրինի» գույքը։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» գնեց այն ժամանակ դեռ շատերին անհայտ գործարար Նարեկ Նալբանդյանը, որը կարճ ժամանակում վերածվեց իշխանության նորահայտ օլիգարխի՝ ձեռքը դնելով ոչ միայն նոր բիզնեսների վրա, այլև հաջողացրեց գնել նախկին «թալանչի» Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի տունը։

Նարեկ Նալբանդյանի այս հանկարծակի հաջողության գաղտնիքը շատերը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ու հատկապես Աննա Հակոբյանի հետ ուղիղ կապի մեջ են տեսնում։

Անկախ նրանից՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, այն, ինչ մինչև հիմա տեղի է ունեցել բռնագանձվող գույքերի հետ, շատ նման է սեփականության վերաբաշխման։

Վերադարձվող գույքը սահուն անցնում է ՔՊ-ականների հովանավորությունը վայելող նախկին ու նորօրյա հարուստներին։ Մինչդեռ՝ ժամանակին ասում էին՝ թալանը հետ ենք բերելու ու բաժանենք ժողովրդին։ Բայց ժողովուրդը մինչև հիմա չի տեսել վերադարձված «թալանի» պտուղները։ Փոխարենը՝ այդ պտուղներն արդեն վայելողներ կան՝ ի դեմս իշխանության հովանավորությունը վայելող նարեկ նալբանդյանների։

Նախկինների «թալանի» թեման, առաջիկա ընտրություններից առաջ, անշուշտ, դեռ շատ է շահարկվելու՝ ոչ միայն նախկինների նկատմամբ տարիներ շարունակ գեներացված ատելության դոզան վերակենդանացնելու, այլև սեփական թալանը թաքցնելու ու դրա հետ կապված աղմուկը լռեցնելու համար։

Որ պետական կառավարման համակարգում ծվարած ՔՊ-ականներն ու իրենց կադրերը համատարած թաթախված են կոռուպցիայի մեջ, վկայում են իրավապահների կողմից պարբերաբար արվող բացահայտումները։ Կոռուպցիոն մեղադրանքներով արդեն որերորդ պաշտոնյան է ձերբակալվում Երևանի քաղաքապետարանում, վարչական շրջաններում, այլ պետական մարմիններում։ Ճիշտ է, դրանք ներկայացվում են՝ որպես առանձին պաշտոնյաների ինքնագործունեության հետևանք, բայց ո՞վ չի հասկանում, որ նման բաները սովորաբար առանց վերադասի իմացության չեն կատարվում։

Համակարգային կոռուպցիան թաքցնելու համար իշխանության վերին օղակներին չեն հասնում, բավարարվում են ավելի ցածրերով՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ։ Խոշոր «ձկներն» առայժմ «պլստում են», բայց դա չի նշանակում, թե դրանք չկան։

Մի բան ակնհայտ է, ինչքան շատ են խոսում նախկինների «թալանից», այնքան իրենք ավելի շատ են հարստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս