
Եթե Պուտինն է որոշողը, բա դու ո՞ւմ ես պետք. Հայաստանը դարձրել ես ՌԴ ծայրագավա՞ռ. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը շարունակելու է գնալ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելությանը, նույնիսկ, եթե ՔՊ-ականները հրաժարվում են իրեն ընդունել, ավելին՝ իրավական ընթացք է տալու բոլոր այդ դեպքերով:
«ԱԺ աշխատակցուհին որ տեղեկացնում է, որ ինձ հետ ընդունելություն չի լինելու, փոխանցում է, որ պատգամավորներն ինձ հետ չեն ուզում հանդիպել, ընդունարանում գտնվող այլ քաղաքացիներին ընդունում են: Խտրականությունը քրեորեն պատժելի է, երբ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, այդ թվում՝ քաղաքական կամ այլ հայացքների, այլակարծության համար, և ավելի խստացնող նորմ ունի, եթե դա արվում է պետական պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նշելով, որ հաղորդումներ է ներկայացրել Գլխավոր դատախազին, ավելին՝ ներպետական ատյաններից հետո մինչև ՄԻԵԴ պատրաստվում է հասնել:
Նա նշեց, որ, օրինակ՝ Ռուբեն Ռուբինյանից և Հակոբ Արշակյանից ուզում էր հետաքրքրվել՝ «եթե Արցախն Ադրբեջան են համարում, ապա 2016-ին ինչո՞ւ են կամավորագրվել և գնացել Արցախ»: Էդգար Ղազարյանի խոսքով՝ ժողովուրդն այս իշխանություններին ընտրել է, որ իրականացնեն իրենց նախընտրական և կառավարության ծրագիրը: Դիտարկմանը՝ իրավիճակ է փոխվել, նա արձագանքեց. Բա իրենք ինչո՞ւ չեն փոխվում»:
Մեջբերեցինք իշխանությունների հայտարարությունները, որ՝ Վլադիմիր Պուտինն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, մեղավոր են նաև նախկին իշխանությունները, և այլն:
«Եթե մեր երկրում ծավալվող իրադարձությունների համար ազդեցություն ունի Վլադիմիր Պուտինը, բա դու ո՞ւմ ես պետք: Ստացվեց, որ քո պաշտոնավարման շրջանում մեր երկիրը դարձել է Ռուսաստանի ծայրագավառ, որովհետև դու ասում ես՝ այլ երկրի նախագահի որոշումներն են ազդում մեր երկրի կյանքի վրա: Մեր պատկերացումներով՝ պետք է քո որոշումները՝ որպես վարչապետ, ազդեին: Դու ասում ես՝ նախկիններն են մեղավոր, ո՞նց թե, նախկինները հա՛մ իրենց պաշտոնավարման շրջանի համար են մեղավոր, հա՛մ քո՞: Այդպես ո՞նց է լինում: Ես հիմա որ մարզպետ եմ եղել, իմ պաշտոնավարման շրջանի համար ո՞վ պետք է պատասխան տա»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը:
Վերադառնալով Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեմային, նա նշեց, որ վախենում են իր հետ հանդիպել. «Հո Հակոբ Արշակյանին չե՞մ վերցնելու՝ շպրտեմ զիբիլի մեջ, ինչպես իրենք վարվում են իմ նամակների հետ, ընդամենը պետք է խոսք ասեմ: Բա, եթե դու դրանից խուսափում ես, ինչքա՞ն պետք է փախչես, ո՞ւր պետք է փախչես այս փոքր երկրում: Ասենք՝ քաղաքացիներին դիմեմ, ասեմ՝ ընդունելություն կա, զանգեք, գրանցվեք, հանդիպում Ռուբեն Ռուբինյանի հետ. 50.000 հոգով գնանք Ռուբինյանի հետ հանդիպման: 50 հազար հոգով հո Ռուբինյանին չե՞նք վերցնելու՝ գցենք զիբիլի մեջ, պետք է ընդամենը խոսենք: Մի հոգով էլ գնամ՝ նույն բանն եմ ասելու, 50 հազար հոգով էլ գնամ՝ նույն եմ ասելու: Ասում եք՝ մեզ ընտրել են, բա եթե պետք է նախընտրական ծրագիրդ չկատարես, դրա իմաստը ո՞րն է: Ո՞ւմ են պետք ընտրությունները, եթե դուք պետք է իշխանության գաք և ձեր խոստումները չկատարեք ու պատասխանատվություն չկրեք դրա համար: Մեկ է՝ տապալվել է սահմանադրական կարգը, ասենք՝ մեզ ընտրություն պետք չի, Փաշինյանը թող մնա ցմահ վարչապետ, իրավիճակից ելնելով՝ որոշումներ կայացնի»:
Անդրադառնալով Փաշինյանի տիկնոջ ֆեյսբուքյան էջում վիրավորական գրառումներին, այդ թվում՝ իր մասին, Էդգար Ղազարյանը կասկած հայտնեց, որ դրանք Փաշինյանն է գրում. «Կինը նման բան չի անի, ինչքան էլ անդաստիարակ ու սանձարձակ լինի: Ինձ թվում է՝ Փաշինյանն է արել: Ես Աննա Հակոբյանին չեմ մեղադրում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում