
Քաղաքական պայքարի և քաղաքական գործազրկության դեմ պայքարի տարբերությունը

«Ես ինստիտուտ համարում եմ այն կառույցը, որը գործում է երկրի շահերից»,- ուսանողների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են հասարակության մոբիլիզացիան ապահովելու ու իշխանափոխությունն իրագործելու համար անհրաժեշտ ինստիտուտները։
Բավական ծավալուն այդ հանդիպումը վերջին օրերին շատ է քննարկվում քաղաքական, փորձագիտական տիրույթում, սակայն դրանցում շեշտը դրվում է առավելապես ներքաղաքական կոնյունկտուրային վերաբերող հայտարարությունների վրա։
Սերժ Սարգսյանի՝ վերը նշված լակոնիկ հայտարարությունը, սակայն, շատ ավելի հիմնարար նշանակություն ունի և, ըստ էության, ախտորոշում է Հայաստանի պետական ու հանրային կյանքի այսօրվա դեգրադացված վիճակը։ Թվում է, թե ասվածն այնքան պարզ է ու ակնհայտ, որ անգամ քննարկման կարիք չկա՝ որևէ երկրում որևէ ինստիտուտ պետք է գործունեություն ծավալի բացառապես տվյալ պետության շահերից ելնելով։ Բայց հենց այս ակնհայտ իրողության խեղումն է նաև Հայաստանը հասցրել այսօրվա աղետալի վիճակին։
Ընդ որում, այս հարցում կա նուրբ առանձնահատկություն, որը հաճախ կարող է մոլորեցնել կողմնակի դիտորդին։ Խոսքն ինստիտուտների ձևի ու բովանդակության հակասականության մասին է։
Ֆորմալ առումով Հայաստանում վաղուց կայացած են ժողովրդավարական պետություններին բնորոշ բոլոր ինստիտուտները՝ սկսած իշխանության թևերի տարանջատումն ապահովող օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններից, մինչև քաղաքացիական հասարակության կառույցներ։ Ընդ որում, այդ ինստիտուտների ձևավորման ու կայացման հետ գործող իշխանությունը որևէ աղերս չունի, դրանք սկզբնավորվել են Հայաստանի անկախացման առաջին տարիներից ու կայացել են նախորդ բոլոր իշխանությունների օրոք։ Փաշինյանական իշխանությունը, սակայն, մի կողմից դարձել է այդ ինստիտուտների սպառողը, մյուս կողմից՝ դեգրադացրել է դրանք ոչ այնքան կառուցակարգային, որքան արդեն բովանդակային առումով։ Հենց դրան է վերաբերում Սերժ Սարգսյանի գնահատականը։
Ներկայումս Հայաստանում կան ֆորմալ իմաստով կայացած ու գործող բոլոր ինստիտուտները, բայց աղճատվել է դրանց բովանդակային, հիմնարար նշանակությունը՝ պետության շահերին համապատասխան գործելու կանոնը։ Եվ ստացվել է այնպես, որ կառուցվածքային առումով կայացած ինստիտուտներն այդ կայացվածությունն այսօր օգտագործում են՝ շեղվելով իրենց բովանդակային իմպերատիվից։
Ավելի պարզ ասած, կայացած ինստիտուտները ծառայում են ոչ միայն և, ցավոք սրտի, արդեն ոչ այնքան հայկական պետության շահերին։
Ընդ որում, ասվածը դժբախտաբար վերաբերում է՝ ինչպես քաղաքացիական հասարակության անվան տակ գործող ամենատարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, այնպես էլ՝ արդեն պետական կառավարման համակարգին՝ ընդհուպ խորհրդարանի ու կառավարության մակարդակով։ Այսօր անգամ Ազգային ժողովն ու կառավարությունը՝ դրանց ղեկավարների բերումով, իրականացնում են գործառույթներ, որոնք բխում են ոչ թե Հայաստանի, այլ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների, իսկ որ ավելի սարսափելի է, հատկապես վերջին շրջանում՝ առավելապես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից։
Հետևաբար, ոչ ֆորմալ իշխանության բոլոր կառույցները, այդ թվում՝ նոմինալ ընդդիմադիր ուժերը, որոնք թեկուզ անուղղակիորեն նպաստում են գործող իշխանության պահպանմանն ու ապագայում նպաստելու են դրա վերարտադրմանը, արդեն ուղղակիորեն աջակցելու են Հայաստանում՝ ոչ Հայաստանի շահերին ծառայող ինստիտուտների գործունեության շարունակականությանը։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է, ինչպես Սերժ Սարգսյանն է բնորոշել, «կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելու» ցանկություն ունեցողներին։
Հարություն Ավետիսյան