Ալիևը Հայաստանից «պահանջում» է քաղաքական պատասխանատվություն ստանձնել «Խոջալուի ցեղասպանության» համար

168.am-ը բազմիցս գրել է, որ Բաքվի համար «Խոջալուի ցեղասպանության» թեման փակված չէ, և, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությանն» այս թեման պարբերաբար քննարկվում է։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հանկարծ տեղեկություն են տարածել, թե իբր ապրիլին Շուշիում և Խոջալուում (Իվանյան) զանգվածային հուղարկավորման վայր են գտել, և անգամ՝ ենթադրել, որ դրանք «Խոջալուի ցեղասպանության զոհեր» են, ընդ որում՝ կանանց մասունքներ են: Այսինքն, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին «ռազմական հանցագործ», «ցեղասպան» ճանաչելու պետական քաղաքականությունը, փորձելով ստվերել ադրբեջանական ցեղասպան գործողություններն Արցախում:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ակնարկել է, թե «հնարավոր է՝ իրավական պատասխանատվություն կրելու ընտրության առաջ» Հայաստանը չկանգնի, բայց բարոյական և քաղաքական պատասխանատվություն «Խոջալուի ցեղասպանության», «էթնիկ զտումների» համար պիտի կրի, դրանից չի փախչի:

Նույն ժամանակահատվածում Բաքվում ֆորում է հրավիրվել՝ «Հասարակական գործընթացները մեդիահարթակում» թեմայով, որի ժամանակ շոշափվել է նաև ռազմական գաղտնիքի պահպանման հարցը:

Կարդացեք նաև

Ավելին, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը՝ գնդապետ Անար Էյվազովը, ըստ էության, անուղղակի հրաման է իջեցրել երկրի լրատվամիջոցներին, որ պետք է տեղեկությունը տրվի, որ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական «հակաահաբեկչական օպերացիայի» ժամանակ քաղաքացիական անձ չի տուժել, որ Արցախը «մաքրել են հայկական զինյալ խմբավորումներից և դրա մնացորդներից»:

«Միջոցառումը ուղղված է՝ մեդիայի լուսավորչական ֆունկցիայի զարգացմանը, և մեդիայի դերի բարձրացմանը հասարակական կարծիքի ձևավորման հարցում, որ դելիկատ տեղեկությունը հանրությանը հասցվի կոնկրետ սկզբունքների համապատասխան»,- նշել է ադրբեջանցի գնդապետը՝ կարևորելով լրատվամիջոցների և պետական կառույցների միջև համակարգված համագործակցությունը:

168.am-ը դեռ 2023 թվականին գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ Անար Էյվազովը դարձել էր Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ, իսկ մոտ 2 տարի առաջ նշանակվել էր այսօրվա պաշտոնին:

Իսկ վերը հիշատակված մեդիա-ֆորումից մոտ 2 շաբաթ առաջ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիպման էր հրավիրել պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, որի ընթացքում խոսք է գնացել մեդիահարթակում պետական գաղտնիքի պահպանումից, պետական կառույցների՝ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքից, ինչպես նաև՝ ներկաներին ներկայացվել են Ադրբեջանի զինված ուժերում կատարվող բարեփոխումները և այլն: Եվ ոչինչ, որ Ադրբեջանում կան բանտարկված ընդդիմադիր լրագրողներ, անգամ՝ զինվորական- ռազմական փորձագետ է դատապարտվել ռազմական գաղտնիք հայտնելու համար:

Այս համատեքստում հավելենք, որ ավելի վաղ նշել էինք, որ Ադրբեջանի բանակը գործելու է Ալիևի՝ 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ, ուստի երկրի ղեկավարությունը լրատվամիջոցների և փորձագետների առաջ դնելու խնդիրներ ունի, դեռ չենք նշում Բաքվի «դատավարության» մասին, որի մասին տեղեկություն տարածում է միայն ադրբեջանական պետական քարոզչամեքենան:

Իսկ Ադրբեջանը նաև տեղեկատվական-քարոզչական հարթությունում է գործում Թուրքիայի հետ համատեղ, կամ՝ նաև այս հարցում ունի թուրքական աջակցությունը, և ոչ միայն:

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից մոտ 20 օր առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել:

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»,- մանրամասնել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Թե ինչպես է հայկական կողմն աշխատել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչ տեղեկատվական քաղաքականություն է որդեգրել, բազմիցս գրել ենք, առաջիկայում կանդրադառնանք այլ փաստերի: Խնդիրն այն է, որ հայկական կողմը տեղեկատվական պատերազմի դաշտում անգործություն է ցուցաբերում, որը նպաստում է միջազգային հարթակում Բաքվի թեզերի գեներացմանը: Այսինքն, փաշինյանական ՊՈԱԿ-ը զբաղված է բոլորովին այլ խնդիրներով, իսկ հիմա էլ որոշվել է ստեղծել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ: Կարիք կա՞ ասելու՝ ընտրություններից առաջ նման գաղափարն ինչին կամ ում է ծառայելու…

Ի դեպ, տեղեկատվական պատերազմի դաշտում լրջագույն անելիքներ ունի նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, եթե անգամ երբեմն կազմակերպվում են փակ հանդիպումներ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս