
Չինաստանը վերացնում է եվրոպացի պատգամավորների դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան մայիսի 1-ին նախագահների խորհրդաժողովին տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել պատժամիջոցները Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորների, նրանց ընտանիքների անդամների և ԵԽ հանձնաժողովների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը։
«Որպես խորհրդարանի նախագահ՝ ես պատասխանատվություն եմ կրում, որպեսզի մեր բոլոր պատգամավորներն իրենց լիազորությունները կարողանան իրականացնել ազատ և առանց սահմանափակումների։ Մեր խորհրդարանական հանձնաժողովները պետք է հնարավորություն ունենան առանց վախի քննարկելու եվրոպական շահերը իրենց չինացի գործընկերների հետ։
Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ բարդ ու բազմաշերտ, սակայն լավագույն ուղին փոխգործակցությունն ու երկխոսությունն է»,-նշել է Մեցոլան։
Չինաստանը դեռ 2021 թվականի մարտին էր սահմանել պատժամիջոցներ Եվրոպական խորհրդարանի հինգ պատգամավորների և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի դեմ։ Այս քայլը ԵՄ-ում ընկալվել էր որպես պատասխան մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատություններին։
Եվրախորհրդարանի նախագահների խորհրդաժողովը պարզաբանել է, որ պատժամիջոցների վերացումը չի նշանակում, թե Եվրախորհրդարանը անտեսելու է ԵՄ-Չինաստան հարաբերություններում առկա շարունակական խնդիրները։
«Եվրախորհրդարանը շարունակելու է մնալ մարդու համընդհանուր իրավունքների և հիմնարար արժեքների հետևողական պաշտպանն ամբողջ աշխարհում՝ հետամուտ լինելով սկզբունքային և իրատեսական համագործակցությանը միջազգային գործընկերների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։