
Արտաքին առևտրի աղետալի անկումը խորտակում է իշխանության հույսերը

Վերջին տարիներին բարձր տնտեսական աճեր արձանագրելու գործում իշխանության համար փրկություն դարձած, բայց ժողովրդին ոչինչ չտվող արտաքին առևտուրն ահագնացող տեմպերով նահանջում է։ Մեծապես կրճատվել է հատկապես ներմուծումների վրա հիմնված արտահանումը։ Բոլոր հիմնական ուղղություններով ահռելի անկում է գրանցվել։
Արտահանումը կրճատվել է ԱՊՀ անդամ երկրների, ԵԱՏՄ անդամ երկրների, ԵՄ անդամ երկրների, այս խմբերում չմտող այլ երկրների հետ։
Եթե անցած տարվա առաջին 2 ամիսներին Հայաստանից կամ Հայաստանի միջոցով գրեթե 2,6 մլրդ դոլարի ապրանք էր դուրս եկել, այս տարի դուրս է եկել ընդամենը 1 մլրդ 41 մլն դոլարի ապրանք։
Արտահանումն ավելի քան 1,5 մլրդ դոլարով պակասել է։ Գրեթե 1 միլիարդը բաժին է ընկել մեկ երկրի, և այդ երկիրն Արաբական Միացյալ Էմիրություններն է, որի հետ իշխանության տնտեսական ոլորտի գիգանտները ոչ վաղ անցյալում կապում էին Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացումը։ Ասում էին՝ ի հակակշիռ Ռուսաստանի, հայտնվել է մեկ այլ երկիր, որի բաժինն արտաքին առևտրում էապես ավելացել է՝ թուլացնելով Հայաստանի տնտեսության ու արտաքին առևտրի կախվածությունը Ռուսաստանից։
Թե ինչքանով դա աղերս ուներ իրականության հետ, արդեն երևում է։ Էմիրություններ Հայաստանից արտահանումն այս տարվա սկզբին կրճատվել է ավելի քան 81 տոկոսով կամ շուրջ 5,3 անգամով։ Անցած տարի եղել էր գրեթե 1,2 մլրդ դոլար, այս տարի կազմել է հազիվ 226 մլն դոլար։
Ընդամենը մեկ ապրանքի, մասնավորապես՝ թանկարժեք մետաղների ու քարերի արտահանումը, որի վրա անցած տարի իշխանությունները փորձում էին արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի պատրանք ստեղծել, կրճատվել է, ու դրա հետևանքը տեսնում ենք ԱՄԷ-ի հետ Հայաստանի արտաքին առևտրի վրա։
Արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներ, նույնպես կրճատվել է։ Ռուսաստանի պարագան, անշուշտ, հասկանալի է՝ վերաարտահանումների նախկին ծավալները չկան, անհասկանալի է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պարագան։
Արտահանումը Ղազախստան նվազել է ավելի քան 16 տոկոսով, Բելառուս՝ գրեթե 14 տոկոսով։
Ղրղըզստանի հետ առևտուրը, որը նախկինում էլ մեծ չէր, կրկին զրոյին է մոտեցել։ Նախորդ տարվա համեմատ գրեթե 76 տոկոսով կրճատվել է։
ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումը նվազել է ընդհանուր առմամբ 12,7 տոկոսով։
Նույնքանով նվազել է նաև Եվրամիության երկրների պարագայում։ Եվ դա տեղի է ունեցել ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանումը խթանելու իշխանությունների նախաձեռնության ու հարկատուների վճարած հարկերի հաշվին մասնավոր բիզնեսը սուբսիդավորելու պայմաններում։
Հիշեցնենք, որ Եվրաինտեգրման իր չհիմնավորված ձգտումների շրջանակներում կառավարությունը պետական բյուջեից 15 մլրդ դրամ կամ գրեթե 38 մլն դոլար է հատկացրել՝ սուբսիդավորելու այն գործարարներին, որոնք իրենց արտադրանքը Հայաստանից կարտահանեն Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և ԵՄ անդամ երկրներ։
Բայց արտահանման սուբսիդավորումից հետո էլ, ինչպես տեսնում ենք, հայկական ապրանքների մատակարարումները ԵՄ անդամ երկրների շուկաներում չեն ավելացել, նույնիսկ նվազել են ու կազմել ընդամենը 74 մլն դոլար, նախորդ տարվա 85 միլիոնի դիմաց։ Երբ կառավարությունը դեռ այդքան առատաձեռն չէր գտնվել մասնավոր բիզնեսի հանդեպ ու 15 միլիարդի սուբսիդավորում չէր հատկացրել հարկատուների վճարած հարկերից, Հայաստանից ավելի շատ արտահանում էր իրականացվել ԵՄ երկրներ, քան իրականացվել է այս տարի։
Սա նշանակում է, որ խնդիրը բոլորովին էլ սուբսիդավորման մեջ չէ։ Դա լինելու է բյուջեի փողերի հերթական անիմաստ վատնումը, որից օգտվելու են որոշ գործարարներ՝ հարկատուների հաշվին խնայելով իրենց միջոցները։
Հայաստանի տնտեսությունը դրանից ոչինչ չի շահելու, ու չեն արդարանալու այն ակնկալիքները, որոնք կապվում են ԵՄ երկրների շուկաներում հայկական ապրանքների իրացման ծավալներն ընդլայնելու հետ։ Դրա համար նախ պետք է մտածել ոչ թե արտահանումը ֆինանսավորելու, այլ զարգացած երկրների շուկաներին համապատասխան արտադրանք արտադրելու մասին։ Քանի դեռ Հայաստանում այդպիսի ապրանքների տեսականին այսքան սահմանափակ է, որակն ու արտադրության ծավալներն այսքան ցածր են, անիմաստ է մտածել, որ արտահանման սուբսիդավորումը կարող է խնդիր լուծել։
ԵԱՏՄ-ից ու Եվրամիության երկրներից դուրս Հայաստանի արտահանումը նույնիսկ դժվար է նվազում անվանել. աղետալի տեմպերով գահավիժել է։
Անցած տարի այդ երկրներ 1,9 մլրդ դոլարից ավելի ապրանք էր արտահանվել, այս տարի արտահանումը կազմել է ընդամենը 476 մլն դոլար՝ ավելի քան 4 անգամով կրճատվել է։
Կրճատվել է ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների, այլև այլ երկրների հաշվին։
Այդ երկրների թվում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ ԱՄՆ Հայաստանից այս տարի ընդամենը 6 մլն դոլարի ապրանք է առաքվել։ Անցած տարի 10 միլիոնին մոտ էր։ Գրեթե 39 տոկոսի կրճատում կա։ Ու սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը դեռևս համաշխարհային տնտեսությանը պատերազմ չէր հայտարարել, 10 տոկոսանոց մաքսատուրքեր չէր սահմանել նաև Հայաստանից իրականացվող արտահանումների վրա։
Նվազել են արտահանումները նաև հարևան Իրան ու Վրաստան։ Իրան մատակարարումները կրճատվել են 8,8 տոկոսով, Վրաստան՝ ավելի շատ, 30 տոկոսը գերազանցող անկում է արձանագրվել 2 ամսում։
Չինաստան արտահանումն է շեշտակի նվազել։ Անցած տարի եղել էր 266 մլն դոլար, այս տարի մնացել է ընդամենը 64 միլիոնը՝ 4,1 անգամով կրճատվել է։
Միացյալ Թագավորություն արտահանման անկումը նույնիսկ ավելի մեծ է եղել՝ գրեթե 8 անգամ։
Արտահանման այս խղճուկ պատկերը, որն ունենք տարեսկզբին, կապված է ոչ միայն նախկին մեծածավալ վերաարտահանումների կրճատման, այլև մեր տնտեսական աղետալի վիճակի հետ։ Սա մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ վերջին տարիների տնտեսական ու արտաքին առևտրի բարձր աճերը Հայաստանի տնտեսության հետ կապ չունեին։ Կարող էին օգտվել այդ իրավիճակից՝ ընդլայնեին ներքին տնտեսության կարողությունները, նոր հզորություններ ստեղծեին, բայց իշխանություններն այդպես էլ մատը մատին չտվեցին։
Բավարարվեցին հասարակությանը կարճաժամկետ արդյունքներով կերակրելով, ինչի հետևանքով էլ այսօր հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Արտաքին շոկերը գնալով հետ են քաշվում՝ ցույց տալով Հայաստանի տնտեսության ու արտաքին առևտրի նախկին բարձր աճերի սնանկությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ