«Գժի թղթի» ու «գործակալի վկայականի» երկընտրանքը

Հայաստանի իշխանության, գլխավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ կոմպետենտություն, ապաշնորհություն կամ հոգեկան անհավասարակշռության արտահայտություն։

Դրսևորման իմաստով բոլոր այդ գնահատականներն արժանահավատ են թվում՝ պրոֆեսիոնալիզմից ու երկրի ղեկավարին ներկայացվող նվազագույն պահանջներից նա հեռու է այնքան, որքան նրա ելույթների ու պոռթկումների մեծ մասը՝ հոգեկան հավասարակշռությունից։ Սակայն պետության ու հասարակության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերում Նիկոլ Փաշինյանը վարում է այնպիսի հաշվարկված ու այնքան հետևողականորեն իրականացվող քաղաքականություն, որը զրոյացնում է նրա՝ պայմանական անվանմամբ «խելքից պատուհասի» վարկածը։

Դա շատ ցայտուն արտահայտվում է հայ ժողովրդի, Հայաստանի համար կենսականորեն կարևոր երկու հարցերում՝ կապված Հայոց ցեղասպանության ու Արցախի հետ տեղի ունեցած ողբերգության հետ։ Երկուսի դեպքում էլ Փաշինյանը վարում է նույն սկզբունքի, պատմական իրողությունների ու փաստերի նույնպիսի խեղաթյուրման վրա հիմնված քաղաքականություններ։

Հայոց ցեղասպանության առնչությամբ Փաշինյանի վերջին տարիների քարոզչական քաղաքականությունը հիմնված է զոհի մեղավորությունն ապացուցելու ու դահճին արդարացնելու հայեցակարգի վրա։ «Մորթվել ենք, որովհետև մեղավոր ենք»։

Կարդացեք նաև

Ճիշտ նույն սկզբունքով նա արդեն մի քանի տարի արդարացնում է Արցախի կորուստը/հանձնումը՝ բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական պատկանելությունը», նսեմացնելով ու վարկաբեկելով ղարաբաղյան շարժումն ու արցախահայերի ինքնորոշման իրավունքի՝ երեք տասնամյակ տևած ու միջազգային հանրության կողմից աջակցություն ունեցող գործընթացը։ Արցախի դեպքում նա առաջնորդվում է «Կորցրել ենք, որովհետև մեղավոր ենք» հայեցակարգով։

Ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի հարցի պարագային նրա որդեգրած քաղաքականության սատանայականությունը անկարողությունը չէ, որը կարող էր ներելի համարվել։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուղղակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է հանել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, ինչը կարող էր որակվել՝ որպես դիվանագիտական մարտավարություն, այլ զբաղված է դրա անուղղակի արդարացմամբ։

Նույնը՝ Արցախի հարցի դեպքում։ Պատերազմներում պարտվում են բոլոր ազգերն ու պետությունները։ Բայց պատմության մեջ հնարավոր չէ գտնել նախադեպ, երբ պարտվողն արդարացնում է հաղթողին՝ պետականորեն վարելով «մեզ հասնում էր» բովանդակությամբ քաղաքականություն։ 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը, այո, ողբերգական էր, սակայն հինգ տարի անց Հայաստանի իշխանությունը զբաղված է ոչ թե հետպատերազմական վերականգնմամբ, այլ թշնամական ագրեսիայի արդարացմամբ ու դրանով իսկ՝ պարտության ստորացումն էլ ավելի խորացնելով։

Լեգիտիմությունը պաշտամունքի աստիճանի հասցրած Նիկոլ Փաշինյանն իշխանության հասնելու համար որպես քարոզչություն օգտագործվող էլեկտորալ լեգիտիմությունից հիմա անցել է Հայաստանի դե ֆակտո թշնամական պետությունների հակահայկականության լեգիտիմացման ֆետիշացմանը։

Այդ ուղղությամբ նրա կողմից վարվող քայլերի համակարգվածությունն ու հետևողականությունը ստիպում են մտածել, որ գործ ունենք ոչ թե խելքից պատուհասի, այլ ազգակործան պատուհասի հետ, ինչպես արդարացիորեն ասվել է։ Դա կարևոր է, որովհետև հետագայում պայմանական «գժի թուղթը» կարող է համարվել որպես մեղմացուցիչ հանգամանք։

Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ եթե ապագա քննությունների հիմքում որևէ թուղթ ներկայացվի, դա կարող է լինել «գործակալի վկայականը», որը որևէ պետություն անմեղսունակներին չի տրամադրում։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս