
Դոնալդ Թրամփը կուսումնասիրի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի պաշտոնանկության հարցը

Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քևին Հասեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և իր թիմը կուսումնասիրեն Դաշնային պահուստային համակարգի (Fed) ղեկավար Ջերոմ Փաուելի պաշտոնանկության հարցը, եթե այն օրակարգ բերվի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Նախագահը և իր թիմը կշարունակեն ուսումնասիրել այդ հարցը», — ասել է Հասեթը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է Փաուելի պաշտոնանկությունը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն քննադատել է Փաուելին՝ նրան մեղադրելով «քաղաքական խաղերի» մեջ՝ տոկոսադրույքները չնվազեցնելու համար։ Նախագահն ընդգծել է, որ «շատ արագ» կարող է ազատել Փաուելին պաշտոնից։
Թրամփի և Դաշնային պահուստային համակարգի նախագահի միջև լարվածությունը նոր չէ։ ԱՄՆ նախագահը բազմիցս դժգոհություն է հայտնել Փաուելի քաղաքականությունից՝ ընդգծելով, որ բարձր տոկոսադրույքներն արգելակում են տնտեսական աճը։