ԱԺ-ն անվստահություն հայտնեց Փաշինյանին

Երեկ Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, այսպես կոչված՝ Եվրաքվեն (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը)։ Ավարտին հասավ մի քանի ամիս շարունակ իշխանության աջակցությամբ/դրդմամբ գեներացված հերթական բլեֆը, որը կարող է հավակնել արժանի տեղ զբաղեցնելու «Ակադեմիական քաղաքի», «Աջափնյակի մետրոյի կայարանի», «Սեպուհ 1 հայկական ավտոմեքենաների արտադրության» քարոզչական փուչիկների կողքին։

Առջևում ընտրություններ են, և իշխանությանն անհրաժեշտ է համալրել ժողովրդին վաճառվելիք խայծերի տեսականին։ Եվրաքվեն ծառայելու է հենց այդ նպատակին և ոչ միայն։

Այս նախաձեռնության ամենամեծ զավեշտն այն է, որ անվանապես վերաբերելով իբրև թե Հայաստանի արտաքին քաղաքականությանը, գործնականում որևէ կապ չունի արտաքին քաղաքականության հետ և իշխանություններին պետք է առավելապես ներքին խնդիրներ լուծելու համար։ Եվրաքվեն որևէ իրավական հետևանք չնախատեսող, դիվանագիտական որևէ հավելյալ արդյունք չունեցող նախագիծ է, ինչի մասին երեկ հերթական անգամ հայտարարել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը. ««Եվրաքվե»-ի նախագծի ընդունումը չի հանդիսանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ»։ Այն ընդամենը ցանկության մասին հայտարարություն է, ճիշտ այնպիսին, ինչպիսին կարող էր լինել, ասենք, G7-ին կամ Արկտիկական խորհրդին անդամակցելու մասին հռչակագիրը։

Դա, սակայն, չի խանգարելու իշխանական քարոզիչներին՝ ներկայացնել, որ Հայաստանը մեծագույն քայլ է կատարել դեպի Եվրամիություն, և եթե հայ ժողովուրդը ցանկանում է դառնալ «թղթով եվրոպացի», պետք է ընտրի իշխանությանը՝ բաղձալի նպատակը վերջնականացնելու համար։ Քարոզչությունը, սակայն, միակ նպատակը չէ, որ դրված է Եվրաքվեի հիմքում։ Այդ նախաձեռնությամբ հանդես են եկել պսևդոընդդիմադիր և պսևդոարևմտամետ մի շարք ուժեր, որոնք կարող են դառնալ գահավիժող վարկանիշ ունեցող ՔՊ-ի փրկօղակը՝ խորհրդարանական ընտրություններում որևէ ձևաչափով մեծամասնություն կազմելու և իշխանությունը պահպանելու համար։ Հենց սրանք են Եվրաքվեի հիմնական նպատակները, որոնք ակնհայտորեն որևէ կապ չունեն գործնական արտաքին քաղաքականության հետ։

Կարդացեք նաև

Անգամ մտահոգությունները, թե Եվրաքվեն կարող է խնդիրներ առաջացնել, ասենք, Ռուսաստանի կամ Իրանի հետ, խիստ չափազանցված են, որովհետև բոլոր երկրներում, հատկապես՝ գերտերություններում, տարբերում են իրական քաղաքականությունը քարոզչական փուչիկներից և գիտեն, որ Հայաստանի իշխանությունը՝ անհրաժեշտության դեպքում, կնետվի որևէ հակադիր գեոպոլիտիկ գիրկ, եթե անգամ Սահմանադրության փոխարեն՝ ընդունի մի քանի Եվրավքեների նախագծեր։

Բացի վերը նշված գործոններից, Եվրաքվեի օրինագծի ընդունումը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական» դատարկությունը։ Տևական ժամանակ «Իրական Հայաստանի» մասին հայտարարող Փաշինյանին ենթակա խորհրդարանի այդ գաղափարախոսության պաշտոնական հռչակումից հետո ընդունած առաջին աղմկահարույց որոշումը որևէ աղերս չունի իրականության, իրական քաղաքականության հետ և բացահայտում է «իրական Հայաստանի» անիրականությունը։ ԱԺ-ն անուղղակիորեն անվստահություն հայտնեց Փաշինյանին, ինչը, սակայն, չի ունենալու որևէ ներքաղաքական հետևանք։ Ինչպես որ Եվրաքվեի օրենքը ոչ մի արտաքին քաղաքական հետևանքի չի հանգեցնելու։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս