
«ՔՊ-ականներն ուղղակի վախեցած են. հասկացել են, որ Գյումրիում գնում են տոտալ պարտության». Արմեն Հարությունյան
«Տևական ժամանակ է, ինչ մեր կուսակցության նկատմամբ տարբեր ռեպրեսիաներ են իրականացվում: Սա առաջին դեպքը չէ, երբ իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումներ են սկսում: Մեր կուսակցության խորհրդի շատ անդամներ արդեն անցել են նման պրոցեսների միջով: Արմեն Աշոտյանը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, չնայած այն փաստին, որ նույնիսկ եվրոպական շատ կառույցներ են հայտարարում, որ Արմեն Աշոտյանի դեմ կատարվողը քաղաքական է: Նույնը տեղի է ունենում արդեն Տարոն Մարգարյանի հետ կապված: Սա ռեպրեսիաների շարքից է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ Ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են վախեցնել կամ զսպել Տարոն Մարգարյանին, ինչն ըստ Հարությունյանի՝ նրանց մոտ չի ստացվելու. «Նրանք լավ չեն ճանաչում Տարոն Մարգարյանին, եթե մտածում են՝ ինչ-որ ձևով կարող են ճնշել: Տարոն Մարգարյանը ո՛չ այն քաղաքական ու պետական գործիչն է, ո՛չ էլ այն տղան է, որ կարողանան նրան վախեցնել ինչ-որ քրեական գործերով կամ սպառնալ բանտ նստեցնելով»:
Արմեն Հարությունյանն անդրադարձավ ՀՀԿ-ին ուղղված քննադատություններին՝ նշելով, որ իրենց թիրախավորողներից շատերը մասնակցել են 2018-ի իրադարձություններին. «Հասել են այն մակարդակին, որ հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը թող ասուլիս տա 2018-ի հետ կապված: Այդ մարդկանց կարճ կպատասխանեմ՝ դուք այդքան քաղաքական կշիռ չունեք, չեք էլ ունեցել, որպեսզի ձեր ցանկությամբ Սերժ Սարգսյանն ասուլիս կամ հարցազրույց տա»:
Իշխանափոխության հնարավորություն առաջին հերթին տեսնում է փողոցային պայքարի միջոցով. «Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր և անհնարին մեխանիզմները, որպեսզի շուտափույթ կերպով այս իշխանություններին ճանապարհենք, որպեսզի մեր երկիրը չտանեն կործանման»:
Նա անդրադարձավ նաև ՔՊ-ականների՝ Գյումրիի ընտրություններից առաջ արվող հայտարարություններին՝ ընդգծելով, որ նրանք վախեցած են. «Դա փաստում է, որ իրենք ուղղակի վախեցած են հիմա, քանի որ հասկացել են, որ Գյումրիում գնում են տոտալ պարտության, դրա համար հնարավոր բոլոր լծակները հիմա օգտագործում են, նույնիսկ՝ ԱԺ ամբիոնը, զբաղվելով իրենց այնտեղի թեկնածուի փիառով, փորձելով սևացնել ընդդիմադիր գործիչներին, բայց ընդհանրապես ձայն չեն հանում այն թեկնածուների մասին, որոնք իրականում իրենց արբանյակներն են: Սա ուղղակի անթույլատրելի է, բայց չեն հասկանում մի բան, որ ինչքան իրենք խոսեն ու իրենց թեկնածուին ավելի ՔՊ-ական սարքեն, այդքան վատ ընթացք են ունենալու Գյումրիում, որովհետև Գյումրիում ասում են, որ այնտեղ տրամադրվածությունը ՔՊ-ի նկատմամբ կատաստրոֆիկ վատն է: Չեմ պատկերացնում՝ ինչպիսի կեղծիքների, ռեպրեսիաների պետք է դիմեն այնտեղ, որպեսզի կարողանան գոնե պատշաճ տոկոսներ հավաքել այնտեղ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում