
«Կրակոցների ձայները գյուղում լսում ենք, բայց չգիտենք՝ որտեղ են կրակում, ինչ են թիրախավորում». Խոզնավարի վարչական ղեկավար

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութեր են տարածվում՝ կից գրառումներով, թե Սյունիքի մարզում ադրբեջանական կողմը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեսանյութեր հրապարակողները նշում էին, որ առավել ինտեսիվ կրակոցներ հնչում են Խոզնավար-Խնածախ հատվածում, ինչպես նաև Գորիսի հատվածում։
Այս առնչությամբ Պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։
«Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
Սիսիանի բնակիչներից մեկը՝ Մարին, մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից հաճախակի են կրակոցներ հնչում։
«Առավել շատ կրակոցներ հնչել են Խոզնավար-Խնածախ հատվածում, Սիսիանում իրավիճակը հանգիստ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Սիսիանի բնակչուհին նաև ասաց՝ Խնածախի, Խոզնավարի բնակիչներն են տեղեկացրել այդ կրակոցների մասին, իսկ թե դրանք ինչ ինտենսիվությամբ են ընթացել՝ դժվարանում են նշել։
168.am-ի հետ զրույցում Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանն ասաց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, բայց կրակոցներ ադրբեջանական կողմից հնչել են։
«Մենք կրակոցների ձայները գյուղում լսում ենք, բայց չգիտենք՝ որտեղ են կրակում, ինչ են թիրախավորում։ Կարևորը՝ բնակչության շրջանում խուճապ ու վախ չկա։ Նման կրակոցներ հա էլ եղել են։ Չենք անհանգստանում, վտանգավոր բան չկա այս պահին»,- շեշտեց Վահան Զաքարյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում հայկական զորքը հետ քաշվեց՝ տեղը զիջելով ադրբեջանական զորքին, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու նշանառության տակ, այդ թվում՝ Խնածախն ու Խոզնավարը, որոնք նախկինում թշնամու զբաղեցրած դիրքերից հեռու էին տասնյակ կիլոմետրեր։