«Սահմանին ապրող մարդ եմ, 2025 թվականին մի լավ բան չտեսա՝ 2-3 ամիս շորերով քնում, շորերով արթնանում էի. իշխանությունը մեր ուրախությունը, տոնը խլել է». Խոզնավարի բնակիչ
Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում մինչև 2020 թվականն Ամանորին անհամբեր են սպասել, գյուղում մշտապես եղել է տոնական տրամադրություն, սակայն 2020 թվականից հետո շատերի մոտ տոնական տրամադրություն չի մնացել, շատերն էլ իմիջիայլոց են նշում Ամանորը՝ ոչ նախկինի նման։
Խոզնավարի բնակիչներից մեկը, ում անունը նրա իսկ խնդրանքով չենք հրապարակում, ասաց, թե՝ ինչպե՞ս կարող են տոնական տրամադրություն ունենալ կամ Ամանորը լիարժեք նշել, եթե գիտակցում են, որ մի քանի մետր այն կողմ, սեփական գյուղի տարածքում կանգնած է թշնամին։
«Դե, այնպես չէ, որ համատարած տխուր են, մարդ կա՝ պատրաստվում է, քանի որ տանը երեխաներ, թոռներ ունեն, ուզում են ուրախացնեն, անձամբ ես որևէ տրամադրություն չունեմ։ 5 տարի է՝ հրավառություն չեմ անում, խստիվ արգելել եմ, իմաստը չեմ տեսնում, 2020 թվականից այս կողմ ոչ մի տոն ինձ համար արդեն ընկալելի չէ, այս երկրի իշխանությունը մեր ուրախությունը, մեր տոնը մեզանից խլել է։
Վերջերս մի քանի հասարակական կազմակերպություն մեր գյուղի երեխաներին տոնական նվերներ էին բերել, երեխաներն ուրախացան, եթե մի բան էլ անում ենք, միայն երեխաների համար ենք անում։
Բաքվի բանտերում գերիներ ունենք, այդքան զոհ, այդքան վիրավոր, այդքան անհետ կորած, ի՞նչ տոնական տրամադրություն, ի՞նչ սրտով ես պետք է Ամանորը նշեմ, սա վիճա՞կ է, որի պայմաններում ուրախանանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը՝ պատմելով սահմանին տիրող իրավիճակի, մարդկանց տրամադրությունների մասին։
Ըստ նրա, սահմանին ապրող մարդն ամենաշատն է խաղաղություն երազում, բայց ոչ այն խաղաղությունը, որն ուզում է բերել օրվա իշխանությունը՝ Արցախը հանձնելով, ՀՀ տարածքների մի մասը զիջելով թշնամուն։
Նա իրական խաղաղության հավատում է միայն ազգային իշխանություններ ունենալու դեպքում։
«Մեզ միայն ազգային մտածելակերպով իշխանություն է պետք, միայն այդ դեպքում մենք հույս ունենք, որ կապրենք՝ որպես ազգ, հակառակ դեպքում կդառնանք գաղթական ու կցրվենք ամբողջ աշխարհով մեկ։
Եթե մենք դեռ խելացի ենք, ուրեմն պետք է կարողանանք ազգային իշխանություն ձևավորել 2026 թվականին։ Հատկապես սահմանին ապրող բնակիչներն այլ կերպ պետք է մտածեն, ախր իրենք են առաջինը հարվածի տակ, հավանաբար չեն մոռացել, թե ինչպես էին գիշերը լուսացնում՝ կրակոցների ու վախերի մեջ։
Ուզում եմ, որ ունենան իրենց կարծիքը, ոչ թե վերևներից ինչ հրահանգեն, ասեն՝ լավ է, նորմալ է, ու ձայները կտրեն։
Գիտեք, սահմանին ապրող մարդկանց մեջ միամտություն կա, երբ նրան ասում են, թե խաղաղություն կլինի, հավատում է, բայց այդպես չէ։ Դրա համար ես ուզում եմ, որ այս մարդիկ իրենց աչքերը բացեն»,- հավելեց նա։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների թողտվությամբ թուրքը քայլելով եկավ ու նստեց հայկական տարածքներում։ Հիմա էլ, երբ իր տան դուռը բացում է՝ թուրքի դրոշն է տեսնում, այսքանից հետո պետք է մտածի, որ խաղաղությո՞ւն է, այն էլ այն դեպքում, երբ չգիտի՝ մեկ ժամ հետո ինչ քայլեր կանի այդ դրոշի տակ կանգնած թշնամու զինվորը։
«Սահմանին ապրող մարդ եմ, 2025 թվականին մի լավ բան չտեսա՝ 2-3 ամիս շորերով քնում, շորերով արթնանում էի, հատկապես՝ ապրիլ ամսին, երբ թշնամին ամեն օր գրեթե կրակում էր։ Օրը մի տան պատուհան ու կտուր էին վնասում, ի՞նչ լավ օրեր հիշեմ, լավ օր եղե՞լ է, որ հիշեմ։
Հիմա էլ իշխանությունն աչքը բացում ու ասում է՝ ասֆալտ ենք արել, ինձ ասֆալտ պետք չէ, ինձ Արցախն է պետք, ինձ իմ գյուղի տարածքներն է պետք, ինձ պետք է, որ իմ գյուղի դպրոցը չփակեք, իմ երեխաներին չգցեք փողոցները։ Հարց է, այսպես շարունակվելու դեպքում վաղն այդ ասֆալտն ո՞ւմ է մնալու։
Ես շատ երազանքներ ունեմ, նախկինում, որ քարտեզով նայում էի՝ Խոզնավարը Հայաստանի կենտրոնական հատվածում էր գտնվում, հպարտանում էի, սարի գագաթից նայում էի Արցախ աշխարհին ու հիանում էի, հանգիստ էի իմ տանը քնում, հիմա այդպես չէ։
Հիմա կրկին այս մասին եմ երազում, ուզում եմ, որ այդ ամենը տեղի ունենա։ Եթե ազգային իշխանություն, զտարյուն հայ ղեկավար ունենանք, այս երազանքս կկատարվի»,- ընդգծեց Խոզնավարի բնակիչը։
