ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում»։
Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան։
«Կրակոցները գիշերային ժամին են, գյուղի ուղղությամբ չեն կրակում, անկանոն կրակոցներ են։ Ամեն գիշեր մի 2-3 անգամ կրակում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի վարչական ղեկավարը։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ, հետո ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է կրակում։ Այս ամենը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվում է, սակայն հաջորդ պահին Ադրբեջանը կրկին շարունակում է ապատեղեկատվության տարածումը։
Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութեր են տարածվում՝ կից գրառումներով, թե Սյունիքի մարզում ադրբեջանական կողմը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեսանյութեր հրապարակողները նշում էին, որ առավել ինտեսիվ կրակոցներ հնչում են Խոզնավար-Խնածախ հատվածում, ինչպես նաև Գորիսի հատվածում։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: