
Ռիսկային նախագիծ. Կարող է փակվեն փոքր լաբորատորիաները, խոշորների մենաշնորհային դիրքերը կմեծանան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է պարզեցնել ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից դեպի Հայաստան: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել e-draft.am հարթակում։ Փաստաթղթի նպատակն է պարզեցնել բիզնեսի ընթացակարգերը ապրանքներ ներմուծելիս:
Գործող օրենսդրության համաձայն` եթե ապրանքները Հայաստան են ներմուծվում ԵԱՏՄ տարածքից դուրս երրորդ երկրներից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, ապա ներմուծողը պետք է ունենա տեխնիկական համապատասխան սերտիֆիկացում՝ ըստ ԵԱՏՄ ստանդարտների։ Այն պետք է ստանալ միության տարածքում հավատարմագրված լաբորատորիաներից որևէ մեկում։ Փաստաթղթերի բացակայության դեպքում ապրանքները պահվում են մաքսային պահեստում, քանի դեռ ներմուծողը չի ձևակերպել դրանք:
Հայաստանում առաջարկում են պարզեցնել այս կարգը Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» – «ILAC») շրջանակներում հավատարմագրված լաբորատորիաներում: Եթե ապրանքը ունենա նման սերտիֆիկատ, և եթե դրանում արձանագրվի, որ վնասակար նյութերը չեն գերազանցում թույլատրելի պարունակությունը Հայաստանի և ԵԱՏՄ չափանիշներով, ապա կրկնակի լաբորատոր փորձարկում Հայաստանում չի պահանջվի:
Հայաստանի վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն այդ փաստաթղթերի ստուգմամբ։
Ընդ որում, նախագիծը նախատեսում է, որ նման արտադրանքը չի կարող արտահանվել ԵԱՏՄ այլ երկրներ (այդ դեպքում դրա համար անհրաժեշտ կլինի ձևակերպել համապատասխանության Եվրասիական հավաստագրեր):
Ուշագրավ է, որ էկոնոմիկայի նախարարությունը նաև ներկայացրել է նման որոշման հետ կապված ռիսկերը. կկրճատվեն լաբորատոր ստուգումների հայտերը, ինչը կարող է հանգեցնել փոքր լաբորատորիաների փակմանը և խոշորների մենաշնորհային դիրքին:
Բացի այդ, սահմանին կրկնակի ստուգումը թույլ է տալիս ստուգել ապրանքի որակը ոչ միայն սկզբում, այլև տեղափոխումից հետո։ Այժմ կարող են նաև այդ առումով ռիսկեր առաջանալ, և չնայած այս ռիսկերին՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է քննարկել որոշման նախագիծը։