
Միացյալ Նահանգները դրական ազդակներ է ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցով

ԱՄՆ-ը գոհ է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ իր առաջարկին Ռուսաստանից ստացած պատասխաններից:
Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունում իր ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ Վաշինգտոնը հրադադարի հարցով արդյունավետ քննարկումներ է ունեցել Մոսկվայի հետ:
«Մենք ստացանք մի քանի շատ լավ պատասխաններ»,- արձանագրել է Թրամփը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը, սակայն կան նրբություններ, որոնք կարևոր է նախատեսել։
ՌԴ նախագահը, մասնավորապես, հնչեցրել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական ստորաբաժանումների հարցը։ Նա ընդգծել է, որ տակավին անհասկանալի է, թե ով է հրամայելու դադարեցնել ռազմական գործողությունները և ինչ գին է ունենալու դա: