
Բելառուսի սպառազինությունը շուտով կհամալրվի «Օրեշնիկ» համալիրով. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական հիպերձայնային «Օրեշնիկ» համալիրը շուտով կհամալրի բելառուսական բանակի սպառազինությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Մեզ տրվել է մարտավարական միջուկային զենք: Շուտով բելառուսական բանակի սպառազինության համակարգում կստացվեն «Օրեշնիկ» նորագույն հիպերձայնային զենքի համալիրներ», – հայտարարել է Բելառուսի ղեկավարը՝ ելույթ ունենալով ՌԴ Դաշնային խորհրդում:
Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հրթիռի արձակման կայանքը կարտադրեն Բելառուսում։ «(Խմբ.՝ Մինսկն ակնկալում է ստանալ) մի քանի հրթիռ, իսկ արձակման կայանքները կպատրաստենք մենք», – ասել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ բելառուսական կողմը նախատեսում է կայանքների պատրաստումն ավարտել մինչև տարեվերջ։Բելառուսի նախագահի խոսքով՝ այնուհետև ռուսական կողմի հետ միասին պետք է որոշել տեղակայման վայրը։ «Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք միասին պաշտպանել մեր ընդհանուր հայրենիքը, – ընդգծել է Լուկաշենկոն:
– Մեր զինանոցը ներառում է Բելառուսի և Ռուսաստանի ուժերի տարածաշրջանային խմբավորումը և ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգը»:
Բելառուսի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Մարտի 13-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հայտարարել էր, որ Լուկաշենկոն մարտի 14-ին հագեցած աշխատանքային օր կունենա Մոսկվայում, այդ թվում՝ ելույթ կունենա Դաշնային խորհրդում։