
Փաշինյանը որսի սեզոն է սկսել՝ փորձելով ցույց տալ, թե ով է իբր տանտերը. զոհաբերություններ լինելու են նաև սեփական թիմում. Վիգեն Հակոբյան

Մարտի 30-ին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններին զուգահեռ՝ ներքաղաքական կյանքը Հայաստանում նոր լարումներ է ունենում․ իշխանությունները տարբեր տեխնոլոգիաներով, այդ թվում՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ, փորձում են հանրությանը համոզել՝ իրենք դեռ տիրապետում են իրավիճակին։
Այս իրողությունների համատեքստում 168․am-ը քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից հետաքրքրվել է՝ արդյոք Գյումրու ընտրությունները կարո՞ղ է դառնալ այս իշխանությունների մայրամուտը, և արդյո՞ք ընտրական սպասումներն են իշխանությունների գերակտիվացման պատճառը։
«Գյումրու ընտրությունները որոշ չափով «լակմուսի թղթի» էֆեկտ կարող են ունենալ, որովհետև այնտեղ տիրող տրամադրությունները ներկայացնում են այն տրամադրությունները, որոնք կան ողջ Հայաստանում՝ որոշակի ճշտումներով, իհարկե,- ի պատասխան՝ նշեց Վիգեն Հակոբյանը, ապա վստահեցրեց,- Այն պատկերը, որ նշմարելի է Գյումրիում, ցույց է տալիս, որ ՔՊ-ն օրինական մեթոդներով չի կարողանա 50+1 տոկոս վերցնել և ձևավորել իշխանություն»։
Վիգեն Հակոբյանը վերջինն ակնհայտ է համարում՝ նկատելով, որ իշխանական քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ռեյտինգն այնքան ցածր է, որ թույլ է տալիս մյուս բոլոր ուժերին համակարծիք լինել հարցում՝ նույնիսկ իրենց թեկնածուի ռեյտինգն ավելի բարձր է, քան ՔՊ թեկնածուինը։
Ընտրությունների բնույթի մասին իր դիտարկումներում էլ քաղտեխնոլոգը հարկ համարեց նկատել՝ թեև Գյումրու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, և հետևաբար՝ այստեղ բավականին մեծ դեր են կատարելու լոկալ գործոնները, այսինքն, մեծ նշանակություն է ունենալու քաղաքական ցուցակը ղեկավարող այս կամ այն թեկնածուի՝ քաղաքում ունեցած համբավը, ճանաչելիությունը, բայցև՝ այս ընտրությունները նախևառաջ քաղաքական են։
«Իսկ քաղաքական տեսակետից՝ ՔՊ-ն իր թեկնածուով միանշանակ որևէ շանս չունի ընտրությունների արդյունքում հաղթել»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, սակայն, որ, ըստ հարցումների, դիտարկումների՝ հենց առաջին փուլում միայնակ 50+1-ի շեմը հատելու շանս չունի որևէ ուժ,- Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ շատ բան կախված է լինելու նրանից, թե այդ անցողիկ շեմն անցածներն արդյո՞ք կկարողանան իրար հետ պայմանավորվել ու ձևավորել ավագանին, իշխանությունը՝ «բորդյուրի» վրա թողնելով ՔՊ-ին։
Այս առումով նաև Գյումրու ընտրություններն ապագայում հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրությունների մանրակերտն են լինելու, այս մոդելն է լինելու, որովհետև համապետական հնարավոր ընտրություններում, եթե նույնիսկ մասնակցեն բոլոր ընդդիմադիր ուժերը, ապա տարբեր շարասյուներ են լինելու։ Այդ դեպքում ևս ՔՊ-ն իր ռեյտինգով ու իմիջով որևէ շանս չի ունենալու, ու նորից նույն հարցն է առաջ գալու՝ արդյո՞ք ոչ իշխանական մասնակիցները կկարողանան իրար հետ պայմանավորվել հետագա իշխանություն ձևավորվելու առումով»։
Նա հենց այս տեսանկյունից Գյումրու սպասվող ՏԻՄ ընտրությունները կարևոր համարեց՝ ընդգծելով, որ դրանք կարող են թե՛ էմոցիոնալ, թե՛ քաղաքական ազդակ լինել ամբողջ հանրապետության համար։
Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը ևս հասկանում են՝ Գյումրիում իշխանությունը վերցնելու լեգիտիմ շանս չկա, քաղտեխնոլոգը չի բացառում, որ ՔՊ-ն կարող է գնալ անօրինական տարբեր մեթոդների։
«Այս պարագայում ընդդիմադիր շրջանակները պետք է պատրաստ լինեն նաև հետընտրական զարգացումներին, ինչն էլ իր հերթին կարող է ազդակ ու սկիզբ լինել համապետական ներքաղաքական թեժ պրոցեսների համար»,- պարզաբանեց Վիգեն Հակոբյանը։
Դիտարկմանը, թե մինչև հետընտրական զարգացումներն արդեն մեկնարկել են նախընտրական զարգացումներ՝ ընդդիմադիր շրջանակների թիրախավորումով․ իշխանությունները հետապնդումների նոր փուլ են սկսել Սերժ Սարգսյանի հանդեպ, ուզում են քաղաքական դաշտից հեռացնել Տարոն Մարգարյանին, անգամ նախկին յուրայիններին, և այլն, վերլուծաբանն արձագանքեց․
«Այո, իշխանությունները նախապատրաստվում են ընտրական, կամ՝ գուցե ոչ ընտրական գործընթացների (քանի որ նաև նրանք են ենթադրում, որ երկրում կարող են լինել ներքաղաքական զարգացումներ, որոնք պայմանավորված չեն զուտ ընտրական տրամաբանությամբ), իրենք էլ են փորձում պատրաստվել այդ գործընթացներին՝ հասկանալով, որ լեգիտիմ ռեսուրսների զգալի պակաս ունեն: Վերջինը ցույց են տալիս նաև սոցիոլոգիական հարցումները․ ի դեպ, հենց նախօրեին արված հարցումներից մեկով, օրինակ, հարցվածների 65,6 տոկոսը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից։
Ռեյտինգային այս անկումն անզեն աչքով էլ է երևում․ վերջին շրջանում մի քանի անգամ ասել եմ՝ նրանք, ովքեր չեն սիրում այս իշխանությանը, հիմա՝ ատում են ու պահ են փնտրում իրենց վերաբերմունքը ցույց տալու։ Ոչ բոլորն են, որ միշտ ըմբոստ են, կամ ունակ են վճռական պրոցեսների մասնակցել․ յուրաքանչյուրն իր ձևն է ընտրում,- հիշեցրեց Վիգեն Հակոբյանը, ապա հենց քաղաքական հետապնդումների նոր դրսևորումների մասին արձանագրեց,- Նիկոլ Փաշինյանը որսի սեզոն է սկսել՝ այդ կերպ փորձելով իր քաղաքական, հանրային ու արտաքին քաղաքական ռեսուրսների սակավության պայմաններում ցույց տալ, թե ով է իբր տանտերը, ով է կարողանում հրամաններ տալ, իր վերահսկողության տակ պահել բոլորին։
Ու այս շրջանակներում հետապնդումները վերաբերում են ոչ միայն ընդդիմադիր շրջանակներին, այլ նաև՝ թիրախավորելով նախկին յուրայիններին, ու անգամ տեսանք, որ օրերս շոու կազմակերպվեց իշխանական մեծահարուստի թիկնապահների նկատմամբ»։
Ընդդիմադիր շրջանակներին վերագրվող տարբեր քրեական գործերի վերաբերյալ իր դիտարկումներում քաղտեխնոլոգը հստակեցրեց՝ առանց անգամ խորանալու այդ գործերի էության մեջ, կարելի է ասել, որ դրանք քաղաքական հետապնդումներ են։
«2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական բանտարկյալների պակաս չի եղել և երբևիցե Հայաստանում այսքան քաղբանտարկյալ չի եղել։
Սրանով փորձ է արվում համապատասխան մթնոլորտ ձևավորել, ինչը մի կողմից նաև հասկանալի է․ գնում է Գյումրի, տեսնում է, որ իրեն խաբում են, որ իրավիճակն այդքան էլ վերահսկելի ու գունավոր չէ՝ ինչպես ներկայացնում են։ Սրան հաջորդում են հերթական էմոցիոնալ ռեակցիաները՝ համապատասխան հրահանգներով։
Կարծում եմ, որ սրանք վերջին դրվագները չեն․ զոհաբերություններ լինելու են նաև սեփական թիմում՝ ցույց տալու համար, թե կա որոշակի անաչառություն։ Ի դեպ, այդ թիկնապահների պատմությունն էլ ինչ-որ առումով կարելի է այդ շոուից համարել, բայց հարց է՝ պայմանավորվա՞ծ, թե՞ չպայմանավորված շոու էր»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։